26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանի կարեւորագույն շեշտադրումները՝ հօգուտ Հայաստանի. 168 Ժամ

Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ

– Պարոն Ոսկանյան, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կշարունակի ԱՄՆ-ի պատժամիջոցներին և արտատարածքային օրենքներին հակազդելու աշխատանքը: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը կարծես չի պատրաստվում նահանջել։ Այս իրավիճակը, ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել։

– Ըստ էության, մենք գործ ունենք երկու կողմի փաստացի անզիջում դիրքորոշումների հետ։ Իրանը նաև հրաժարվեց առանձին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ՝ վստահ լինելով, որ միջուկային համաձայնագիրը միջազգային պայմանագիր է, և ԱՄՆ-ը դրանից դուրս գալով՝ կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը։ Հետևաբար՝ կարծում եմ, որ առաջիկայում սպասել ԱՄՆ-Իրան երկկողմ ձևաչափով պաշտոնական բանակցությունների, դժվար կլինի։

Միգուցե ոչ պաշտոնական խողավակներում լինեն նման շփումներ, որոնք բազմիցս եղել են՝ կապված Իրաքի խնդրի հետ. դրա մասին չի բարձրաձայնվել, բայց նման հանդիպումներ և շփումներ եղել են, բնակաբար, ոչ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Սակայն առաջիկայում սպասել ուղղակի երկխոսության կամ բանակցությունների ԱՄՆ-ի և Իրանի միջև, կարծում եմ, տեղին չէ։ Իրանցիները նաև որոշակի ակնկալիքներ ունեն՝ կապված նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների հետ, և կարծես թե սպասում են այդ ընտրությունների արդյունքներին։

– Զարիֆը նաև հայտարարել է, որ Իրանը համագործակցելու է գործընկեր պետությունների    հետ, որպեսզի ստեղծի  նոր շրջակա միջավայր,  որտեղ իրենցհարգող    պետությունները    կկարողանան պաշտպանել իրենց շահերը։ Արդյո՞ք սա Հայաստանին էլ է վերաբերում, և Հայաստանի դիրքորոշումն այս հարցում ո՞րը պետք է լինի։

– Ընդհանուր առմամբ, նման ձևակերպման մեջ իրանցիները նախ և առաջ հասկանում են այն պետությունները, որտեղ Իրանն ունի նաև ուղղակի կամ անուղղակի ռազմական ներկայություն, խոսքն Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի որոշ այլ երկրների մասին է։ Մենք Իրանի հետ կառուցում ենք երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերություններ։ Հայաստանը և Իրանն ունեն կենսական շահեր, հետևաբար՝ մեր հարաբերություններն այս պետության հետ պետք է կառուցել՝ առանց հաշվի առնելու Իրան-որևէ երրորդ երկիր հարաբերությունները։

– Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Հանդիպման ավարտին Հասան Ռուհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները: Ի՞նչ կասեք այդ հանդիպման մասին, ի՞նչ արդյունքների սպասենք։

– Թեև պաշտոնական այցի ենք սպասում, որի շրջանակներում շատ ավելի հարուստ և բազմազան օրակարգ կլինի, բայց Փաշինյան-Ռուհանի հանդիպումը ՄԱԿ-ի շրջանակներում թերագնահատելը սխալ կլինի։ Կառանձնացնեմ երկու կարևորագույն շեշտադրում Իրանի կողմից. մեկն այն հանգամանքն է, որ իրանցիները շարունակում են Հայաստանը դիտարկել Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևորագույն միջանցքի բաղադրիչ, և այդ միջանցքը, հենց Իրանի նախագահի խոսքերով՝ ունի արտակարգ կարևորություն Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Երկրորդն Իրանի կողմից հնչած ուղերձն էր առ այն, որ Հայաստանը կարող է իրանական մասնավոր բիզնեսի համար շատ ապահով վայր լինել, և իրանական պետական կառույցները կարող են խրախուսել Իրանի մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին՝ Հայաստանում ծավալել գործունեություն։

– Իրանի տնտեսական վիճակը կարծես թե այդքան էլ լավ վիճակում չէ, տարբեր բողոքի ակցիաներ եղան տարվա ընթացքում, որոնք իշխանությունների կողմից զսպվեցին։ Մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը կարո՞ղ է, ի վերջո, հեղաշրջման հանգեցնել։

– Չեմ կարծում, որ մենք գործ կունենանք նման խիստ բացասական սցենարի հետ։ Հիմնական խնդիրները, անշուշտ, կապված են արտարժույթի տատանումների հետ, որը հանգեցնում է տնտեսական որոշ անկայունության երկրի ներսում, սակայն Իրանն ունեցել է շատ ավելի դժվար պահեր և տարիներ և կարողացել է դրանք հաջողությամբ հաղթահարել։ Համենայնդեպս, ՀՀ շահերից չի բխում, որ Իրանի ներսում լինի անկայություն, կամ այնտեղ տեղի ունենա բողոքի գործողությունների աճ։ Կայուն, զարգացող և տնտեսապես հզոր Իրանը ձեռնտու է նաև մեր պետության շահերի տեսանկյունից։

– Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել էր, որ Իրանը միջուկային զենք է մշակում Թեհրանի երկու գաղտնի օբյեկտներում, ինչը հերքվեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից։ Ինչո՞ւ Նաթանյահուն այս փուլում նման հայտարարությունն արեց, արդյո՞ք դա էլ ավելի չի խորացնի իրանաիսրայելական հարաբերություններում առկա լարվածությունը։

– Կարծես թե ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշումները որոշակի ասպարեզ են բացել, որպեսզի իսրայելական կողմը հանդես գա պարբերական մեղադրանքներով։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իրանցիները հաջողություն են գրանցել Սիրիայի հատվածում՝ պրոիրանական ուժերը, փաստորեն, հայտնվել են  Իսրայելի սահմաններին։ Եվ այս համատեքստում, պարզ է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը իրենց հակաիրանական գործողությունները շատ դեպքերում համակարգում են և գործում փոխլրացման սկզբունքով։ Բայց իրանցիների համար նման իրավիճակն ամենևին արտառոց չէ։ Իրանը խոշոր պետություն է, և այս իմաստով մի քանի ճակատներում պայքարելը սովորական երևույթ է Իրանի համար։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ