19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նոր հիվանդություն՝ “հանձնաժողովացավ” . Կարեն Ավագյան

Ներկայացնում ենք Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

“Նոր վարակ վերջին շրջանում` “հանձնաժողովացավ” կամ “հանձնաժողովային” հիվանդություն: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն ցածր ինքնագնահատական, շատ են կախված շրջապատի կարծիքից եւ նրանից, թե որքան հաջող կամ անհաջող են դասավորվում իրենց կյանքի իրադարձությունները: “Պացիենտին” պակասում է սեփական կյանքի համար պատասխանատվության զգացողությունը եւ, որպես կանոն, հենց այն, որ մարդ չի կարողանում պատասխանատվություն ստանձնել իր կյանքում կատարվածի համար, ինչը հանգեցնում է հիվանդության առաջացմանը:

Նման հիվանդությունն առաջանում է տարբեր պատճառների միաժամանակյա հայտնվելուց` դրա նկատմամբ բնածին հակման, բարձր զգացմունքայնության, տպավորվողականության, խառնվածքի, անցյալից բարդույթավորվելու առանձնահատկություններից, ինչպես նաեւ շրջապատի անբարենպաստ ազդեցությունից:

Այսպիսի երեւույթներից խուսափելու ամենապարզ միջոցը խնդիրների մասին վստահելի մարդու հետ անկեղծ խոսելն է: Դրա համար էլ մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ իրենց բուժումը տեսնում են նման հանձնաժողովներում: Այդ խոսակցությունների ընթացքում շատ կարեւոր է չկաշկանդվել եւ անընդհատ նույն բանի մասին չխոսել, արտահայտել այն ամենը, ինչ անհանգստացնում է:

Սակայն որոշ ընդդիմադիրներ, ովքեր, չգիտես ինչու, վերջին շրջանում ոչ իշխանական ուժեր են իրենց կոչում, եթե այդքան մտահոգ են մեր երկրի համար եւ օրախնդիր հարցերը փորձում են հանձնաժողովներում լուծել, ապա թող սկսեն իննսունականներից հասարակությանը հուզող հարցերից. դա ավելի տպավորիչ, հուզիչ եւ իրենց համար շոշափելի կլինի: Թե՞ այդ դեպքում նույն հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում ստիպված կլինեն քննադատել իրենց իսկ կատարած աշխատանքը:

Այսքանից հետո մնում է, որ անիշխանությունը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում ունեցած սեփական ձախողումները քննող հանձնաժողով ստեղծի եւ այդքանով համարի իր առաքելությունը կատարված:

Հուսանք, որ հիվանդությունը բուժելու համար ընդդիմադիրները չեն դիմի այլազգի բժիշկների օգնությանը, քանի որ մեզ մոտ ժողովրդական բժշկությունն ի վիճակի է այդ հիվանդությունը բուժել: Եվ բանը չի հասնի նրան, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ իրենց մասին կա՜մ լավը, կա՜մ ոչինչ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ