Մենք ո՛չ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ո՛չ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթից վերջանականապես պարզ չդարձավ՝ ԲՀԿ-ն կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, թե՞ ոչ:
«Մի քիչ արհեստական է այդ հարցը՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ, որովեհտև եթե վարչապետը հրաժարական է տալիս, խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, ուզած-չուզած, գնում ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Է. Շարմազանովը՝ շեշտելով, որ չկա որևէ խորհրդարանական ուժ, բացի «Ելքից», որը համաձայն է գնալ ինքնալուծարման՝ Սահմանադրությունը փոխելու ճանապարհով:
Երկրորդ տարբերակն, ըստ ԱԺ փոխնախագահի, այն է, երբ Փաշինյանն է հրաժարական տալիս, ինչի իրավունքն ինքն ունի Սահմանադրությամբ, ավելի շատ պարտադրվածի է նման, և դրանից հետո կքննարկեն:
Հարցին՝ արտահերթ ընտրություններից խուսափելու համար ՀՀԿ-ն կառաջադրի՞ վարչապետի թեկնածու, Էդուրադ Շարմազանովը պատասխանեց.
«Մենք ո՛չ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ո՛չ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների, ո՛չ էլ ինքնանպատակ ինչ-որ բան կանենք: Ամեն ինչի տակ պետք է գաղափար լինի»:
«Այն, ինչ առաջարկում է վարչապետը, լավագույն տարբերակը չէ, եթե չասենք՝ վատագույնն է, բայց երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև: Հիմա գնդակն իր դաշտում է, ինքն այս Սահմանադրությամբ իրավունք ունի հրաժարական տալ, կամ չտալ: Եթե հրաժարական տա, քաղաքական ուժերն այն ժամանակ կքննարկեն՝ երկրի շահերից ելնելով առաջադրո՞ւմ են, թե՞ չեն առաջադրում»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի այսօրվա քայլերը հակասում են հենց իր մեկ ամիս առաջ արած հայտարարություններին, որ ընտրությունները լինելու են մայիս-հունիսին, վարչապետի գլխավոր խորհրդականն էլ ասաց, որ ներդրողները արտահերթ ընտրությունների չեն սպասում, այսինքն՝ չկա պատճառահետևանքային կապ, ընդամենը Երևանի ավագանու ընտրություններից հետո Փաշինյանը որոշել է գնալ ընտրությունների, «մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն» կլինի, կքննադատեն.
«Կունենա 100%-անոց պադկանտռոլնի պառլամենտ: Կյանքն ուրախ ո՞վ է տվել՝ հայ ժողովուրդը»: