Ասկոլկան, Մոնթեն ու Պետոն էլ են դուխով եղել, Մաշտոցի պողոտան պորշեով փակած «23-ամյա Վալոդի՞կն» էլ
Չեք կասկածու՞մ չէ, որ գալու է էն օրը, որ ժամանակի բարձրունքից նայելու ենք անցյալին ու ինքներս մեր խղճի առաջ պատասխան ենք տալու, թե ո՞վ էր «դուխովը». զրո դիմադրության պարագայում, «դուխով» գրառմամբ մայկա-կեպկայով ճանապարհ փակելուց նկարները ֆեյսբուք դնողն ու իրեն դուխով հռչակածը՞, թե՞ 1989թ. ավտոմատով Հադրութի անտառ մտած ու Սովետական իմպերիային պարտիզանական պատերազմ հայտարարած, հետո արցախյան գոյամարտում ռազմաճակատի ամենածանր վայրերում կռված Մանվել Գրիգորյանը։
Եվ, ընդհարապես. եթե զրո դիմադրության պարագայում, ավելին՝ զանգվածային ծափերի ներքո «դուխով» մայկա-կեպկայով մարդուն, որ փողոցի մեջտեղը նստում է գետնին կամ մաղալի առաջ խորոված անում, դուխով տղու կարգավիճակ եք տալիս, ասում եք՝ դուխով են, հպարտ քաղաքացի են, բա թուրքի յաթաղանից ազգը փրկած, ազգի նամուսին ու հպարտությանը կյանքի գնով տեր կանգնած, մահվան աչքերի մեջ նայած ու մի մասը հենց մահվան փայ դառած տղերքն ի՞նչ են էդ պարագայում։ Ասենք՝ Մանվելն ու Սասունն էլ են դուխո՞վ, Արշակունյաց պողոտան փակած «16-ամյա Վարդուշի՞կն էլ»։ Կամ Ասկոլկան, Մոնթեն ու Պետոն էլ են դուխով եղել, Մաշտոցի պողոտան պորշեով փակած «23-ամյա Վալոդի՞կն էլ»։
Զրո դիմադրության պարագայում փողոց փակած «19-ամյա Մարգուշն ու Ալենը» եթե դուխով են, բա նույն տարիքում հակառակորդի տանկ խփած Շուլին և ուղղաթիռ խփած Գևորգն ի՞նչ են։ Մենակ չասեք, թե իրենք էլ են դուխով: Ու չկարծեք, որ էս հարցերից փախչել է ստացվելու։ Հասկանում եմ, որ խառը ժամանակներ են։ Հասկանում եմ, որ արժեքների ու հասկացությունների կորդինացիոն համակարգը գծերից թռել է, բայց դրա վերականգնումը միայն ժամանակի հարց է։ Պարտակել չեք կարողանալու, չի ստացվելու …
Հ.Գ. ԱԱԾ մեկուսարանում այցելել եմ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին։ Առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց ընկճված չի, արդարության, արդար դատաքննության ակնկալիք ունի։ Բարևներ է փոխանցում բոլորին, առողջություն է մաղթում բոլորին: