ԱԺ-ն համարձակություն չունեցավ շարունակել նախագահի վերցրած բարձր նոտան
Սաֆարովի ազատ արձակումն ու Ադրբեջանին վերադարձնելը շատ տգեղ երևույթ էր բարոյականության առումով, այն չի մտնում մարդկային տարրական նորմերի շրջանակների մեջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ժամանակն է, որ Հայաստանը անցնի գործնական քայլերի:
“Սա առանձին անհատի հետ կապված սովորական իրավիճակ չէ, դա ռասիզմ է, հայատյատություն”,-հավելեց բանախոսը:
Բաքվում կատարվածը ցույց է տալիս, որ ի դեմս Ադրբեջանի մենք ունենք մի պետություն, որը թշնամական հարվածներ է հասցնում և ցանկություն ունի ֆիզիկապես ոչնչացնել հայերին: Իսկ Հայաստանը որևէ ձևով չպետք է հավատա որևէ մեկի խոսքին, սակայն միևնույն ժամանակ նա պետք է համագործակցի տարբեր պետությունների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնելու որոշման մասին Մարտիրոսյանն ասաց, թե ” նախագահի վերցրած բարձր նոտայի հետ համաձայն է: Այդ բարձր նոտան պետք է շարունակեր նաև ԱԺ-ն, սակայն նա նման համարձակություն չունեցավ”,-նկատեց նախկին պատգամավորը: