Անձնականով տեղը կդնի. նախարարին առաջարկել են կեղտոտ ջուր խմել /վիդեո/
՛՛Ես նույնպես հրավիրված եմ եղել այդ միջոցառմանն, որի նպատակն էր հանքարդյունաբերության խնդիրները վեր հանել, քննարկումներ իրականացնել ու պարզել խնդիրները, որ այսօր կարող են լինել և բնապահպանական տեսանկյունից, և արդյունաբերության տեսանկունից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ խոսելով այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպից:
Հիշեցնենք, այսօր ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. մարտահրավերները և հնարավորությունները՛՛ խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ բնապահպանները պաստառներով ներխուժել են տարածք, շրջապատել նախարարին ու պահանջել պատասխան տալ երկրում հանքարդյունաբերության հետեւանքով թունավորվող միջավայրի համար։
Ակտիվիստները նախարարին բաժակով ներկայացրել են Գեղի գետի ջուրը, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով, առաջարկել են խմել այն:
՛՛Ես առաջարկեցի, որ եթե կան հարցեր, դրանք պետք է սահմանված կարգով կազմակերպվի և հրավիրեք ինձ, և ձեր հարցերին կպատասխանեմ: Հենց այդպես էլ եղավ, մենք դուրս եկանք և ես պատասխանեցի բոլոր հուզող հարցերին, ինձ համար ընդունելի չէր այն տարբերակը, երբ դու նստած ես ու միջոցառումը պետք է սկսի, և փորձում են միջոցառումը խանգարել՛՛,-հավելեց Հարությունյանը:
՛՛Շատերին թվում է, թե գոռալով կարող են ինչ-որ հարց անցկացնել, եթե գոռում ես, ուրեմն ճիշտ ես ասում, բայց բնավ այդպես չէ, եթե նստում ու մասնակգիտական հարցերին ես պատասխանում, համոզվում ես, որ իրավիճակն այդպիսին չէ, բարձր գոռալով չէ՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ դրան պատրաստ էր ու ընդառաջ գնաց և չխանգարելով միջոցառումը՝ պատասխանեց հարցերին:
Հարցին, թե վիրավորական չէր, որ առաջարկում էին կեղտոտ ջուր խմել, նախարարը պատասխանեց. ՛՛Բացարձակ, ի՞նչը պիտի լիներ վիրավորական: Ցանկացած հարցի պատասխանը ես տվել եմ նաև ըստ արժանվույն, ովքեր փորձեցին հանկարծ խնդիրը տեղափոխել անձնական դաշտ համոզված եղեք, որ անձնական դաշտում որևէ ձևով չեմ զիջի, ինչ-որ տեղ կարող է զիջեմ, բայց երբեք անձնական դաշտում: Եթե անձնական դաշտ ենք տեղափոխում հարցը, ցավոք սրտի, ստիպված ենք որոշակի կոշտ պատասխաններ տալ՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: