26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գուցե արդեն սկսված է Արցախի խնդրի լուծման հարցը և դա պետք է լինի իբրև կիրթ, ընկերական հարաբերությունների համատեքստում

Պատժող Փաշինյանն իր տարերքի մեջ է: Ժողովրդավար գործչի համբավ ունեցող մարդն աջ ու ձախ խախտում է մարդկանց իրավունքները: Իր հեծանիվ քշելու համար կարող են ճանապարհներ փակել, ոստիկանությանը շարել, իսկ թիկնապահներին վազեցնել հետևից: Թեև Փաշինյանն ինքը հայտարարել էր, թե իր կողմից ճանապարհ փակելու կարգադրություն չի եղել, սակայն իրական պատկերն ակնհայտ էր՝ Փաշինյանի ողջ ճանապարհն ազատ էր ու սպասարկում էր միայն իրեն՝ այնպես, որ երկրորդ գծով նա հանգիստ քշում էր իր հեծանիվը:

Ինչևէ, երևի ուզում էր Արևմուտքից սովորած մի լավ ժեստ անել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Արդյոք վարչապետին չէի՞ն զգուշացրել, որ եթե հեծանիվով ես ուզում գնալ հանդիպման, ապա դա պետք է անես մենակ, առանց ցուցադրելու և առանց ուղիղ եթերների, պարզապես անես ինքդ քեզ համար, ոչ թե այլոց ցույց տալու և վարկանիշ բարձրացնելու համար: Ի դեպ, երկրորդ գծով հեծանիվ քշելը նույնքան արատավոր և զազրելի երևույթ է, որքան «ջիփերով» հանդիպակած երթևեկելը, դրանք երկուսն էլ նույն ռիսկերն են պարունակում:

Ինչ վերաբերում է Գյումրի գնալուն, ասեմ՝ ընդհանրապես զարմացած չեմ, որ Փաշինյանն իրեն տոնի մասին չհիշեցրած աշխատակցին պատժելու մասին հայտարարություն է արել: Փաշինյանն այդտեղ իր իրական տեսակն է ցույց տալիս` պատժել յուրաքանչյուրին, ով միապետի պլանները ձախողել է: Այստեղ, սակայն, հետաքրքրական է այն, թե ում կպատժի շեֆը` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՞ն, ով երեկ կազմ-պատրաստ Գյումրիում էր և այդ մասին չէր տեղեկացրել իրեն, թե՞ ինչ-որ քաղծառայողի խիստ նկատողություն տալով՝ թեման կփակի:

Այս երևույթը խոսում է այն մասին, որ կառավարության շենքի ներսում շունը տիրոջը չի ճանաչում, որովհետև շեֆի ուշքն ու միտքը PR անելն ու իր դատարկությամբ և անլրջությամբ իբրև ժողովրդավար թվալն է: Այնքան ժողովրդավար, որ Ալիևի պես մարդասպանին, ով սպառնում է Սևան հասնել կամ Ռամիլ Սաֆարովի պես հանցագործին պարգևատրում է, կիրթ է անվանել: Չնայած մշտապես «թրաշով» փաբիստների և մարիխուանայի օրինականացմանը լծված դեմքերի հետ աշխատող մարդն ի՞նչ պետք է լինի, որ չզարմանա և չտարբերի «դիվանագետ հանցագործին»՝ կիրթ մարդուց:

Ցավս այն է, որ Փաշինյանը բոլորին տրորելով՝ փորձում է հասնել իր նպատակներին, չի ճանաչում հայրենակից, հարազատ, ընկեր և բարեկամ. նա մարդասպան որակեց Քոչարյանին ու Սարգսյանին, բայց կիրթ` Ալիևին, ով իր ձեռքերը մեր հազարավոր հայրենասեր զինվորների արյունով է լվացել…

Ի՞նչ խոսք, մտահոգիչ է, բայց նաև սպասելի, որ գուցե արդեն սկսված է Արցախի խնդրի լուծման հարցը և դա պետք է լինի իբրև կիրթ, ընկերական հարաբերությունների համատեքստում…: 

 

Արիանա (Արմենուհի) Հովսեփյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ