Չկա մի ընտանիք, որտեղ ամեն օր չանիծեն այն մարդուն , որը դրել է արագաչափերը
”Այստեղ հնչեցին կարծիքներ, թե յուղ ենք լցնում կրակի վրա: Նրանք ուզում են ասել՝ ինչու եք ուզում ձեր հարցադրումներով խանգարել թալանչիների մասնավոր ռեկետի անդորրը: Բայց մենք փորձելու ենք ու խանգարելու ենք՛՛,-ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողո ստեղծելու առաջարկի շուրջ քննարկմանը:
Պատգամավորը նշեց, որ բոլոր երկրներում կարմիր գծանշումների արդյունքում կուտակված գումարը գնում է բացառապես համայնքային բյուջե:
՛՛Ես հարցրել եմ փորձագետներին, թե որքան կարող է կազմել կարմիր գծանշումների վրա ծախսված գումարը, նրանցից մեկն էլ հումորով ասաց, որ եթե կարմիր ներկը Ռեմբրանտի կամ ինչ-որ նկարչի յուղաներկով է արված, ապա միայն այդ դեպքում է հնարավոր 5 մլն դոլարի ծախս անել:
Այսինքն` ակնհայտ է, որ ստում ու խաբում են այստեղ, ոչ մի հինգ միլիոն դոլար չի ծախսվել՛՛:
ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` քաղաքապետին պարտադրել են հետևյալ խաղի կանոնները, այն է`ավտոկայանատեղիների ու կարմիր գծանշումներից ստացվող գումարը ծախսվում է 70 /30 տոկոս սկզբունքով:
Զոհրաբյանը կոչ արեց պատգամավորներին հենց հիմա գնալ Աբովյան փողոց և տեսնել, որ կան կարմիր գծանշումներ, որոնց կողքին կան տարեց անձինք: ՛՛Ես վճարում եմ նրանց, չնայած կարող եմ չվճարել: Բայց այդ մարդիկ գոնե նվազագույն ծառայություն են մատուցում՛՛,- ասաց պատգամավորը: Նաիրա Զոհրաբյանը նաև վստահ է, որ չկա մի ընտանիք, որտեղ ամեն օր չանիծեն այն մարդուն , որը դրել է արագաչափերը: