Արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է. Աշոտյանը՝ Փաշինյանին
Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Միթե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում նշել էր. «Կա այսպիսի վիճակագրություն, որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը շատ փոքր՝ 1-2 տոկոսով ավելի քիչ է։ Սակայն դա բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա, բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն՝ անկախ գազելների գոյությունից»:
Նկատենք, որ ժամը 17.00-ի դրությամբ 2017 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ այս տարվա ընտրություններին մասնակցությունը եղել է գրեթե նույնը՝ շուրջ 34 տոկոս: