Գիշերել ենք Փաշինյանի կողքին. առանց կացարանի մնացած կանայք սպասում են պատասխանի /տեսանյութ/
63 ամյա Սվետա Դավթյանը դստեր՝ Կարինե Ավետիսյանի հետ Henaran.am-ի խմբագրություն էր եկել՝ հույսով, թե մի դուռ կբացվի, երբ մարդիկ իմանան իրենց պատմությունը: Ասում են՝ անբարեխիղճ մարդկանց պատճառով հայտնվել են դրսում, կացարան չունեն: 2015 թվականի հունվարի 15-ին իր խոսքով՝ Գավառի ոստիկանների հալածանքներից և ոտնահարումներից փախչելու համար Սվետա Դավթյանը դստեր հետ դուրս է եկել իրենց տանից և մինչ օրս վախենում է վերադառնալ Գավառ: Չնայած՝ հույս էլ չունի, թե իր տունը շեն վիճակում կգտնի:
«Ապրել ենք վարձով սրա նրա բնակարաններում: Առողջական խնդիրներս էլ չեն ներում: Ներկայում ապրում ենք Հոկտեմբերյանում՝ ընկերուհուս բնակարանում: Մինչև օրս թոշակ և նպաստ չեմ ստանում, որովհետև Երևան քաղաքում չունեմ փաստացի գրանցում»,-պատմում է Սվետա Դավթյանը:
Մի քանի օրից պետք է դուրս գան այդ տանից, իսկ գնալու տեղ չունեն: Ստիպված են լինելու գիշերել փողոցում:
Տարեց կնոջ խոսքով՝ դիմել են իրավապահ մարմիններին իրավունքների վերականգնման համար, սակայն համապատասխան օգնություն չեն ստացել և դիմումները մնացել են անարձագանք: Դիմել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց դեռևս սպասում են արձագանքի:
Ասում են՝ հեղափոխության ակտիվ մասնակիցներից են. «Գիշերել ենք Փաշինյանի կողքին, նրա հետ ենք եղել»,-պատմում է Սվետա Դավթյանը:
Դուստրը՝ Կարինե Ավետիսյանը նշեց, թե ինքը ֆիզիկապես ի վիճակի չէ աշխատել, առողջական լուրջ խնդիրներ ունի:
Փողոցում հայտնված կանայք դիմում են բարի մարդկանց՝ ընդամենը ապրելու մի փոքրիկ կացարան ստանալու հույսով:
Բոլոր այն անձինք, ովքեր կցանկանան ինչ-որ կերպ իրենց աջակցությունը ցուցաբերել նրանց` կարող են զանգահարել՝ 098 18 44 87 կամ 096 18 75 18 հեռախոսահամարով:
Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: