23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը մտահոգ է հասարակությունը խմբերի բաժանելու առնչությամբ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է պաշտպանի դիրքորոշումն ընտրական գործընթացի վեռրաբերյալ:

«Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում արձանագրվել են հարցեր, որոնք առաջ են բերում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ: Ընդ որում, հավաքների խաղաղ բնույթը պահպանելու հարցում անփոխարինելի եղավ շարժման առաջնորդ, այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դերը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցած ժողովրդավարական այդ գործընթացների արդյունքներն ամրագրելու ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու իրական հնարավորություն են: Արձանագրված ձեռքբերումները պետք է պահպանել և ուղղել մեր երկրում ժողովրդավարության վերջնական կայացմանը: Այն այլընտրանք չունի:

Այդ իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ: Դրանց արդյունքում արձանագրվեցին կարևոր դրական զարգացումներ՝ հստակեցվեցին ընտրակաշառքների կամ ընտրողների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու արատավոր դեպքերի դեմ պայքարի ուղղությունները, հռչակվեց քաղաքական գործընթացներին դպրոցների ու մանկապարտեզների ներգրավումը բացառելու հրամայական, այս պահի դրությամբ զգալիորեն նվազել են ընտրական գործընթացի հետ կապված Ոստիկանության գործողությունների դեմ բողոքները և այլն:

Դրա հետ միասին, մշտադիտարկումը հնարավորություն է տվել առանձնացնել Երևանի ավագանու ընտրական գործընթացի շրջանակներում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Հակառակ իրավիճակը վտանգավոր կլինի իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար:

Արձանագրվում են անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների ակնհայտ աճի միտումներ, որոնք առավել ցայտուն արտահայտված են սոցիալական ցանցերում։ Դա բացասական է ազդում համերաշխության մթնոլորտի վրա: Ընդ որում, զգալիորեն ավելացել են վիրավորանք պարունակող այնպիսի մեկնաբանություններ, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այդ մեկնաբանություններն աչքի են ընկնում առավել ագրեսիվությամբ ու անհանդուրժողականությամբ:

Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած՝ լրագրողների մտահոգությունների ուսումնասիրությունը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ հրապարակվում են այլ կարծիք կամ դիրքորոշում պարունակող նյութեր, առկա են այդպիսի հրապարակումներին առնչվող՝ անհանդուրժողականության մասին վկայող ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ՝ այդ թվում ուղղված լինելով լրագրողներին:

Արձանագրվել է ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած առանձին անձանց կամ նրանց առանձին կողմնակիցների կողմից անհանդուրժողական վերաբերմունք իրար հանդեպ, որն արտահայտվում է նաև վիրավորական բնույթի մեկնաբանություններով, անձի արժանապատվությունը ոտնահարող նյութեր տարածելով: Դա արվում է նաև առերևույթ կեղծ կամ անանուն աղբյուրներից տարածվող տեղեկությունների միջոցով: Օրինակ՝ մտահոգիչ է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ուղղված վիրավորական խոսքն ու նույնիսկ սպառնալիքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Ն. Զոհրաբյանի մտահոգությունները, այդ թվում՝ կապված պետական որոշ կառույցների աշխատակիցների կողմից սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորանք պարունակող մեկնաբանություններ անելու հետ: Այս պնդումները պետք է անմիջապես դառնան առանձին ստուգման առարկա՝ երաշխավորելու համար, որ ընտրական գործընթացն իրականացվում է ՀՀ Սահմանադրության ու օրենքների խստիվ պահպանմամբ:

Ուստի, կարևոր են ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցների ու հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են համերաշխության մթնոլորտի ապահովմանը, անհանդուրժողական վերաբերմունքի բացառմանը:

Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների կողմից: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Ընտրական գործընթացը պետք է ընթանա բացառապես հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Երևանի ավագանու ընտրություններն առաջին միջանկյալ հնարավորությունն են անցում կատարելու ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի: Այս ընտրությունները պետք է դառնան հասարակությանը համախմբող, մեզ առավել միասնական դարձնող ու արձանագրած ձեռքբերումներն արժևորող երևույթ:

Հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքը ընտրական իրավունքների արդյունավետ իրացման և երկրի իրավապաշտպան համակարգի ամրության երաշխիք է՝ կոչված լինելով ապահովել համերաշխություն սերունդների միջև»,- ասված է հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ