Նախարարի պաշտոն թե՞ քաղաքապետի. Արտակ Զեյնալյանի պատասխանը
Երևանը պետք է լինի ողջ Հայաստանի մայրաքաղաքը, նպաստի մարզերի հավասարաչափ զարգացմանը, որպեսզի մարդիկ ավելի հարմարավետ ապրելու ձգտումով չգան Երևան ու չպաշարեն Երևանը՝ այն դարձնելով ավելի անհարմարավետ:
Այս մասին «Ազատության» եթերում ասաց Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը: «Երևանը չպետք է դառնա իր պոպուլյարության զոհը: Հավասարապես պետք է զարգանան մարզերն ու համայնքները: Ես պատրաստ եմ ծառայել որպես Երևանի քաղաքապետ»,- ասաց Ա. Զեյնալյանը:
Հարցին՝ նախարարի պաշտոնն եք ընտրո՞ւմ, թե՞ քաղաքապետի, նա պատասխանեց. «Ես ընտրել եմ Երևանը»: Իսկ հարցին՝ արդարադատության ոլորտում անելիք չունե՞ք, կառավարության հետ հրաժարվո՞ւմ եք աշխատել, նա պատասխանեց, որ քաղաքապետի ու նախարարի պաշտոնները քաղաքական են:
«Սա քաղաքական քայլ է, նպաստավոր է երկրի համար: Բացարձակ չեմ հրաժարվում, առանց համագործակցության հնարավոր չէ իրականացնել բարեփոխումներ: Չափազանց կարևոր են կառավարությունն ու ԱԺ-ն: Ինչպես արդարադատության ոլորտում կան չափազանց անելիքներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում, Երևանում: Իմ մասնագիտություններից մեկը պետական ու տեղական ինքնակառավարման մասնագետն է, ոչ միայն իրավաբան լինելը»,- նշեց նա: