ՀՀ-ում եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից, լկտի և առանց որևէ չափորոշիչներ հաշվի առնելու. Իսագուլյան
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ ասաց, որ շատ ցավալի է խոսել երևույթների մասին, որոնք անհասկանալի և անթույլատրելի են:
Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ երկրի առաջին դեմքերի տված մեկնաբանություններին՝ Իսագուլյանն ասաց, որ վերջիններս չունեն տարրական գիտելիքներ՝ հասկանալու համար, որ այն, ինչ ասում են ո՛չ պետականության, ո՛չ օրենքի և սահմանադրության հետ կապ ունի:
«Էական չէ՝ ում կողմից և ինչպես է եղել այդ գաղտնալսումը, էականն այն է, որ ՀՀ-ի անվտագության համար թիվ մեկ պատասխանատուները հայտնվել են մի խայտառակ պատմության մեջ, որը պետք է իմանա ամեն առաջին դասարանցի»,-նշեց Իսագուլյանը:
Իսագուլյանի խոսքով՝ այդ ձայնագրության հարապարակումից հետո պետք է անմիջապես ԱԱԾ և ՀՔԾ պետերը հարաժարականներ տային. «Իսկ նրանցից հետո այդ պաշտոններին նշանակվողները պետք է իրենց առաջ խնդիր դնեին ամիջապես պարզել՝ ով է եղել գաղտնալսողը»,-շեշտեց նա:
Խոսակցության բովանդակության մասով Իսագուլյանը ընդգծեց. «ՀՀ-ում եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից, լկտի և առանց որևէ չափորոշիչներ հաշվի առնելու»:
«Հիմա ես հաստատ կարող եմ ասել՝ Մարտի 1-ի հետ կապված քրեական գործը, որը տարվում է Քոչարյանի և Խաչատուրովի դեմ ՝ ամբողջությամբ քաղաքական պատվեր է»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում տարածվել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: