Այդ խոսակցությունը եղել է մեր մասնակցությամբ. ԱԱԾ պետը սկանդալային հեռախոսազրույցի մասին
Քիչ առաջ համացանցում տարածվեց և միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց, որ խոսակցությունը իսկապես իրենց մասնակցությամբ է եղել.«Շատ տարօրինակ է, որ այդ խոսակցությունը գաղտնալսվել է: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրման աղբյուրը»,-նշեց Վանեցյանը ասելով, որ Գլխավոր դատախազությունում այս առիթով արդեն հարուցված է քրեական գործ:
Հեռախոսազրույցին անդրադառնալով Վանեցյանը հաստատեց, որ խոսակցությունը եղել է Քոչարյանի դատավճիռը կայացնելու օրը և հավելեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը պետք է հաստատ հոմզված լինեին, որ այդ գործում թերացում չկա:
«Այդ քննարկումը եղել է զուտ իրավաբանական: Ես ստացել եմ մի հաղորդագրություն, որտեղ եղել է գործի հիմքերի հետ կապված պարզաբանման խնդիր, հաղորդագրությունը ուղարկել եմ պարոն Խաչատրյաին և վերջինս որպես իրավաբան տվել է պարզաբանումներ այդ հարցի շուրջ»,-ասաց ԱԱԾ պետը շեշտելով, որ այն պայքարը, որը իրենք սկսել են շարունակելու են և իրենց որևէ խոչընդոտ չի կարող խանգարել:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գնահամամբ սա Մարտի 1-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ է. «Իմ համոզմամբ՝ սա ուղղված է իմ և Արթուր Վանեցյանի գործունեության կասեցմանը»:
Հիշեցնենք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս սկանդալային հեռախոսազրույցին ասել է, որ սա իր նախնական գնահատմամբ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսում է. «Ո՞վ է սա արել, ինչի՞ համար, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է նման գաղտնալսում իրականցնել, ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը»,-նշել է Փաշինյանը: