Ծեծել են Վոլոդյա Ավետիսյանի զինակցին ու կոտրել խանութի ապակիները
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/20130920083633v_1395053157.jpg)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը հիմնավորեց իրենց տարածած հայտարարությունը այն մասին, որ անհայտ անձանց կողմից ճնշումներ են իրականացվում գնդապետին սատարող ազատամարտիկների վրա: Նա նշեց, որ օրեր առաջ անհայտ անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ջոկատի անդամ, Վարդենիսի բնակիչ Արամայիս Չավիշյանին և կոտրել նրան պատկանող խանութի պատուհանները:
Սարուխանյանի հաղորդմամբ` Արամայիս Չավիշյանն այդ մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժին, որտեղ մերժել են քրեական գործի հարուցումը և ազատամարտիկին խորհուրդ են տվել Վոլոդյա Ավետիսյանին վերաբերող ակցիաներին չմասնակցել:
Վարդանաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկներ Գևորգ Սարուխանյանը (Փոքր Ջոն) և Ստեփան Ստեփանյանն (Ռեմբո ) էլ հայտնեցին, որ իրենց փորձում են ճնշել գյուղապետի միջոցով` հորդորելով հեռու մնալ նմանատիպ ակցիաներից:
Հիշեցնենք, որ Գագիկ Սարուխանյանը Henaran.am- ին տեղեկացրել էր, որ Վոլոդյա Ավետիսյանին սատարող ազատամարտիկների նկատմամբ հետապնդումները սկսվել են “Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնող խմբի` մարտի 11-ին կազմակերպած հանրահավաքից հետո: Սարուխանյանի խոսքով` ԱԱԾ-ի աշխատակիցներն այցելում են տղաներին և զգուշացնում` չմասնակցել Ավետիսյանի հետ կապված ակցիաներին: