23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժն ու ջոկատավարները պնդում են՝ տեղյակ չեն եղել, թե երեխաներն ինչ հանդերձանքով են ելույթ ունենալու

Հանքավանի «Հասմիկ» ճամբարի ջոկատավարները լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել են ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստական միջոցառման շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները:

Ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը, ավագ ջոկատավար Մարիամ Սիմոնյանը և ջոկատավար Մարիետա Սահակյանը տեղյակ չեն եղել, թե միջոցառման այդ հատվածում երեխաներն ինչ հանդերձանքով են ելույթ ունենալու:

Մուրադ Մուրադյանն ընդգծեց, որ չէին կարծում, թե երեխաների այդ կատակը կարող է նման աղմուկ բարձրացնել: «Մեր սաներն իրենք են որոշում և խորհրդակցում ջոկատավարների հետ, թե ինչ միջոցառումներ կցանկանան անցկացնել: Մեզ համար անակնկալ էր նրանց այդ մտահղացումը. մենք գիտեինք, որ տղաները որոշել էին աղջիկների գլամուրային կերպարները քննադատել, սակայն չգիտեինք՝ նրանց մտքի թռիչքը ինչպիսին կլիներ»,- ասաց ավագ մանկավարժը և հավելեց, որ երեխաների ծնողները հոլովակներով տեսել են միջոցառումը և շատ դրական են վերաբերել այդ ամենին:

Նա նշեց, որ սոցցանցերում հայտնված լուսանկարները միջոցառման հենց այն հատվածից են վերցված, որտեղ տղաները փոքր-ինչ ծաղրում են աղջիկներին:

Մուրադյանի խոսքով՝ ճամբարում հանգստացող երեխաները շատ տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ երգեր, պարեր, դիմակահանդեսներ, Ուրախների ու հնարամիտների ակումբներ են ստեղծում: Երեխաները տարբեր խաղեր են խաղում՝ ունեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր:

Ավագ մանկավարժը և ջոկատավարները նշեցին, որ բարձրակրունկ կոշիկները, շպարը և այլ կանացի պարագաներ տղաները վերցրել էին աղջիկներից, ովքեր այդ ամենը բերել էին դիմակահանդեսի համար:

Ավագ ջոկատավար Մարիամ Սիմոնյանն ընդգծեց, որ ծնողները տեղյակ են եղել, և նրանք ճամբարի աշխատանքների ընթացքում իմացել են, թե ինչ խաղերի են մասնակցում իրենց երեխաները:

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեր ճամբարն ունի խումբ, որտեղ ներգրավված են երեխաների ծնողները և իրենք ամեն ինչից տեղյակ են լինում ու հետևում են մեզ մոտ տեղի ունեցող միջոցառումներին և խաղերին: Սոցիալական ցանցերում հայտնված նկարները վերցվել են ՈւՀԱ-ից, մեկ այլ հատված դիմակահանդեսից, և երեխաներին պիտակավորել են այնպես, ինչպես իրենք են ցանկանում»,- ասաց Սիմոնյանը:

«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» պետական բարեգործական ծրագիրը հաստատվել է 2011 թվականից, որի շրջանակում կա 6 ճամբար, 5-ը՝ Հանքավանում, իսկ մեկն էլ՝ Ծաղկաձորում: Ընդհանուր առմամբ ճամբարներին բյուջեից տրամադրվում է 480 մլն ՀՀ դրամ: Ճամբարներն անվճար են և այնտեղ այցելում են սոցիալապես անապահով ընտանիքների, զոհված ազատամարտիկների, բազմազավակ ծնողների 7-13 տարեկան երեխաներ: Ճամբարի կրթադաստիարակչական ծրագիրը կոորդինացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ