Այո, ես վերադառնում եմ քաղաքականություն. Ի՞նչ եք իրար խառնվել. Ռ. Քոչարյան
Եկեք իմ դեմ հարուցված քրեական գործը չկապենք Ռուսաստանի հետ, ես չեմ ուզում՝ սա անձնավորված լինի, բայց ես մտահոգություն ունեմ, որ վարչապետը ասում է , որ ամբողջ աշխարհը պետք է ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին:
Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: «Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, և առանց այդ ստրատեգիական գործընկերության մեր պաշտպանության հարցը մեծ, շատ մեծ վտանգի տակ է:
Կամ երեկվա կատարվածը՝ երկաթուղու հետ կապված, որը Ռուսաստանի երկաթուղուն կառավարման է տված: Ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական վիճակը , անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում մենք տեսնում ենք այլ կարգի քայլեր: Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի, այն գինը, որը նման սխալների համար տալիս են, շատ ծանր գին է, շատ ավելի զգույշ պետք է լինել: Ես այդ հարցերում ունեմ մեծ մտահոգություն»,-շեշտել է նա:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը և բոլորը պետք է ադապտացվեն Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ նշվում է՝ հիմա ՀՀ-ն շատ ավելի արժանապատիվ կեցվածքով է հանդես գալիս՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Դու պատասխանատու ես այս ժողովրդի, այս երկրի տարածքային ամբողջականության, Ղարաբաղի համար: Քո անձնական արժանապատվության դիմաց դու դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո կեղծ մեկնաբանությունը արժանապատվության դնում ես մեկ նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա քո երկրի անվտանգությունն է, հազարավոր մարդկանց կյանքն է, Ղարաբաղի անվտանգությունն է, այն հողերն են, որոնք այսօր վերահսկվում են մեր բանակի կողմից:
Եթե սա ադեկվատ մոտեցում է, ես դա չեմ ընդունում և դրա համար, այո, վերադառնում եմ քաղաքականություն: Ես չեմ ընդունում սա: Եվ մեր ժողովուրդը նաև պիտի այս կարծիքը լսի: Ես հասկանում եմ, որ կա իշխանություն և ունի իր մոտեցումները, բայց ոչ ոք չի զրկել ինձ և մյուսներին իրավունքից ունենալ այլ կարծիք և հնչեցնել այդ կարծիքը: Ի՞նչ եք իրար խառնվել, ինչի՞ են խանգարում, այլ կարծիք չպիտի՞ ունենանք այս երկրում»: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ չի համարում, որ հեղափոխություն է եղել որպես այդպիսին: