Կլիմայի փոփոխությունը կարող է հրդեհների առաջացման պատճառ լինել. մասնագետ
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի անտառային և դաշտային հրդեհների կառավարման տեխնիկական առաջադրանքի ղեկավար Վարդան Մելիքյանը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ կլիմայի փոփոխությունը գլոբալ երևույթ է: Հայաստանում այն պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքի և դեպի ծով ելք չունենալու հետ, ինչն էլ ավելի է նպաստում ջերմաստիճանի բարձրացմանը:
«Վերջին տվյալներով ջերմաստիճանը բարձրացել է ցելսյուսի մեկ աստիճանով, և դրան զուգահեռ արդեն 10 տոկոսով կրճատվել են տեղումները, ավելի մտագհոգիչ է, որ տեղումները կրճատվում են հուլիս-օգոստոս ամիսներին, այսինքն կա տենդենց, որ այս ամիսներին առհասարակ տեղումներ կարող են չլինել: Գարնանը տեղումները շատանում են, դրանք բերում են հեղեղումների և կարող են արտակարգ իրավիճակների հանգեցնել, դրան հակառակ, ձմռանն էլ ձյան տեսքով տեղումներն են կրճատվում, որը հանգեցնում է ջրային ռեսուրսների կուտակման հետ կապված խնդիրների»,-նշեց մասնագետը և հավելեց, որ հենց այս գործոններն էլ բարձրացնում են հրդեհների հետ կապված ռիսկերը:
Վարդան Մելիքյանը հորդորեց ավելի ուշադիր լինել, հատկապես Հայաստանի դեպքում, քանի որ գիտենք, որ մեր երկիրը հարուստ չէ անտառային ռեսուրսներով:
Հրդեհների առաջացման դեմ պայքարների ծրագրերին անդրադառնալով, Մելիքյանն ասաց, որ նախատեսված է տեխնիկական օժանդակություն համապատասխան գերատեսչություններին և ոչ միայն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: