29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Սարգսյանի ԵԿՄ նախագահ լինելու թեկնածությանը շատ ազատամարտիկներ դեմ են

111111111-n121581-1

Արամ Սարգսյանի` ԵԿՄ նախագահի թեկնածությանը շատ ազատամարտիկներ դեմ են, բայց երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի խոսքով՝ շատ ազատամարտիկներ էլ նրան տեսնում են ԵԿՄ նախագահի պաշտոնում:

«Այդ ազատամարտիկներն իրենց հայտարարություններն արել են, նաև կան բազմաթիվ հետ վերադարձած ազատամարտիկներ, որոնք համաձայն են Արամ Սարգսյանի թեկնածությանը: Այնպես չէ, որ բոլորը, ովքեր նախկինում հեռացել և հետո վերադարձել էին ԵԿՄ, հիմա նորից համաձայն չեն: Բազմաթիվ ազատամարտիկներ էլ, կան նաև կառույցներ, որ իրենք կողմ են և նրանք պետք է լուծարվեն ու միանան Երկրապահին: Իրենք նորմալ են ընդունել, իրենք էլ են կողմ Արամ Սարգսյանի թեկնածությանը»,- հայտնեց Ղուկաս Ուլիխանյանը, բայց չկարողացավ այս պահին ազատամարտիկների և կառույցների անուններ նշել. «Երկուշաբթի կարող ենք ասել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից հետո տարբեր ժամանակներում կառույցից հեռացած ազատամարտիկները հայտարարեցին ԵԿՄ վերադառնալու մասին: Նրանք ԵԿՄ վարչության 3 փոխնախագահների հետ միասին նիստ արեցին, կազմկոմիտե ձևավորվեց, որը պետք է զբաղվեր ապագա համագումարի հարցերով, սակայն այս առաջարկը ԵԿՄ ակտիվը չընդունեց։

Վերադարձի մասին հայտարարած ազատամարտիկների կարծիքով՝ ԵԿՄ-ն այլևս նախագահ չպետք է ունենար, այլ պետք է կառավարվեր խորհրդի միջոցով։ Սակայն, հուլիսի 5-ին տեղի ունեցած ԵԿՄ ակտիվի նիստին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել էր Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Որոշվել էր նաև սեպտեմբերին հրավիրել ԵԿՄ արտահերթ համագումարը, որի ընթացում էլ կընտրվի նոր վարչություն և նախագահ: Արամ Սարգսյանի առաջադրումը դժգոհություններ էր առաջացրել վերադառնալու ցանկություն հայտնած ազատամարտիկների շրջանում, ովքեր կողմ էին խորհրդի ձևով կառավարմանը:

ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը խնդիր չի տեսնում, որ Արամ Սարգսյանը, լինելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ և «Ելք» դաշինքի անդամ, դառնալու է ԵԿՄ նախագահ: Ըստ նրա՝ Երկրապահ կամավորականների միությունը հասարակական կազմակերպություն է, և օրենքը չի արգելում, որ որևէ կուսակցության ղեկավար նաև լինի ԵԿՄ նախագահ:

Հարցին, թե առաջիկա ընտրություններում ԵԿՄ անդամների ձայները չեն գնա «Ելք» դաշինքին կամ «Հանրապետություն» կուսակցությանը, Ղ. Ուլիխանյանը պատասխանեց. «Երկրապահն ազատ է իր գործունեության մեջ: Արամ Սարգսյանը նշել է, որ որևէ կուսակցական, քաղաքական խնդիր չի լինելու, և կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք ազատ է լինելու իր որոշումների մեջ»:

Մեկ այլ հարցի, թե նախկինում՝ Մանվել Գրիգորյանի ղեկավարման տարիներին նույնպես ԵԿՄ-ն ազատ է եղել, կառույցի փոխնախագահը նշեց. «Անկախ որևէ երկրապահի կոչից յուրաքանչյուր երկրապահ ինքն ազատ էր կայացնում իր որոշումները: Եվ այդպիսի մեխանիզմ էլ չկար հսկելու»:

Կարծիքներ են հնչում, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո ԵԿՄ նոր կառավարման խորհրդի ձևավորման ակտիվ անդամների ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը Գագիկ Ծառուկյանի կողմից էր ուղարկվել ԵԿՄ, որպեսզի նա կարողանար ԵԿՄ ձայները «Ծառուկյան» դաշինք ուղղել:

«Հուսով եմ, որ բոլոր ազատամարտիկները, ովքեր վերջին իրադարձություններից անմիջապես հետո եկել էին ԵԿՄ, բոլորն ինքնաբուխ, սրտացավ կերպով էին եկել: Թե ում մտքին ինչ է եղել, ես ավելի բան չեմ կարող ասել»,- ասաց Ղուկաս Ուլիխանյանը:

Նրա խոսքով՝ ԵԿՄ ակտիվը կանգ է առել Արամ Սարգսյանի թեկնածության վրա՝ հաշվի առնելով Արամ Սարգսյանի ազնվությունը, նվիրվածությունը Հայաստանին, կազմակերպվածությունը, կամային հատկությունները, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի եղբայր լինելու հանգամանքն է հաշվի առնվել:

Շատերը ԵԿՄ ղեկավարի պաշտոնում տեսնում էին պատերազմական գործողություններին ավելի ակտիվ մասնակցած անձի, ազատամարտիկի, բայց ԵԿՄ-ում այլ կարծիքի են. «Մեկ անգամ՝ 1999 թ.-ից հետո, Երկրապահը փորձել է այդ սկզբունքով, հիմա էլ այս սկզբունքով ենք անում: Մեր կանոնադրությունը նման արգելք չի սահմանում՝ ով քանի օր է կռվել, որ մարտերին է մասնակցել: Ես նման խնդիր չեմ տեսնում, կանոնադրությունն էլ չի արգելում»,- նշեց ԵԿՄ փոխնախագահը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ