Դիվանատան դուռը փակել էին և մենք բռնավորի նման մնացել էինք ներսում. ակտիվիստ
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները գիշերն անցկացրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան տարածքում՝ շենքում, բակում էլ վրաններ են տեղադրել և շարունակում են ցույցը:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ երեկ հոգևորականները հավատացյալներին ներկայացրել են Սուրբ Գեղարդը, չնայած, որ ավելի վաղ խոստովանում էին, թե Գեղարդից կտոր են կտրել: «Երեկ իրարամերժ հայտարարություններ եղան նույն կառույցից, վստահ եմ՝ իրենք գիշերը պայմանավորվել են և կբացատրեն՝ ինչ եղավ, երեկ պայմանավորված չէին: Կհասկանանք իրենց պարզաբանումը, թե որ մասից է կտրվել, բայց դա որևէ նշանակություն չունի, հարցն այն է, որ իրավունք չունի եկեղեցու տնօրինության տակ գտնվող մասունքից առանց եպիսկոպոսների, առանց պատրիարքարանի աթոռների և Կիլիկիո կաթողիկոսի որևէ կտոր օտարել կամ վաճառել»,-ասաց նա:
Կարեն Պետրոսյանը հավելեց նաև, որ իրենք պատրաստվում են մնալ եկեղեցու բակում. «Երեկ Արշակ սրբազանը դիվանատան դուռը փակել էր և մենք բռնավորի նման մնացել էինք ներսում ոստիկանների հետ: Այնքան ժամանակ ենք էստեղ մնալու մինչև բռնապետ կաթողիկոսը հրաժարական տա»,-նշեց Պետրոսյանը և ավելացրեց, որ իրենց միանալու են նաև շատ այլ քաղաքացիներ և հոգևորականներ: