27 աշխատակիցներից 8-ը տնօրենի հարազատներն են. կոլեկտիվում բողոքներ կան
Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակազմը երկփեղկվել է. մի մասը դեմ է դուրս եկել տնօրենին, տարբեր գերատեսչություններին դիմում-բողոքներ է հղում՝ մատնանշելով նրա թույլ տված ապօրինությունները եւ պահանջելով հեռացնել պաշտոնից կամ, ավելի ճիշտ, նրա հետ չկնքել աշխատանքային նոր պայմանագիր:
Դպրոցի մի խումբ աշխատակիցների նաեւ «Հայկական ժամանակ»-ին հասցեագրած գրության մեջ նշվում է, որ հունիսի 12-ին տնօրեն է ընտրվել Մարինե Հարությունյանը, որն ամիսներ առաջ ազատվել էր աշխատանքից նախկին իշխանությունների կողմից: Դպրոցի խորհուրդն, ըստ այդմ, վերընտրել է մի մարդու, որը տարիներ շարունակ զբաղվել է կոռուպցիայով:
«Նրա վրա հարուցված է քրեական գործ Կառավարության որոշումը զանց առնելու, փաստաթղթերում, մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում նիստ կեղծելու մեղադրանքով: Նրա մեղքով դասասենյակները նորմալ չեն ջեռուցվել, պատճառաբանել է, թե պետությունը բավականաչափ գումար չի տալիս: «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվել է յուրացումներով, սնունդը միտումնավոր պատրաստվել է անորակ: Ծնողական գումարից գումար չի հատկացվել սննդի աշխատակցին»,- գրում են պայքարող ուսուցիչները:
Նրանք հայտնում են, որ դպրոցում աշխատող 27 անձանցից 8-ը նրա հարազատներն են ու նաեւ ներկայացնում են այդ ցանկը.
- Լիաննա Մովսեսյան – տնօրենի աղջիկը՝ օպերատոր, շախմատի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի
- Նարեկ Մովսեսյան – տղան՝ ուսուցչի օգնական, հասարակագիտության ուսուցիչ
- Սաթենիկ Կամավոսյան – Նարեկ Մովսեսյանի կինը՝ գիշերային պահակ
- Մաքսիմ Մովսեսյան – տեգրը՝ զինղեկ
- Առաքել Մովսեսյան – ամուսինը՝ ցերեկային պահակ
- Ռոզա Մակյան – տեգրակինը՝ Մաքսիմ Մովսեսյանի կինը, բանվոր
- Անուշ Մովսեսյան – տալը՝ սննդի սեզոնային աշխատակից
- Վալերիկ Դեմիրչյան – Անուշ Մովսեսյանի ամուսինը՝ սեզոնային աշխատող (վառարան վառող)
Դիմում-բողոքների հեղինակները խնդրում եւ պահանջում են, որպեսզի Տավուշի մարզպետը պայմանագիր չկնքի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ, անվստահություն հայտնվի դպրոցի խորհրդին, որի գործառույթներից մեկն էլ տնօրեն ընտրելն է, այդ որոշումը բեկանվի եւ ձեւավորվի նոր խորհուրդ: Գործող խորհուրդն, ըստ դժգոհող աշխատակիցների, չի զբաղվում իր լիարժեք գործունեությամբ:
Պետական տարբեր մարմիններին ու նաեւ «Հայկական ժամանակ»-ին ուղղված գրության տակ ստորագրած մանկավարժներից մեկը՝ հայոց լեզու եւ գրականություն առարկաների ուսուցչուհի, փոխտնօրեն Լուսինե Սիմոնյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տնօրենն աշխատանքի է ներկայանում: «Առանձին-առանձին կոլեկտիվի անդամներին կանչում է, բողոքի հետքերով հետաքրքրվում է, թե ինչ ունեն բողոքելու, ինչու չեն իրեն ասել, ինչու են իրեն խայտառակում: Նախ՝ սպառնում է, հետո փորձում է կաշառել, որ ժամեր կտա, լավ կնայի եւ այլն եւ այլն»,- նշեց նա:
Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին, Մարինե Հարությունյանից բացի, այլ թեկնածու չի մասնակցել: Նրա տեղակալ Լուսինե Սիմոնյանը դա պատճառաբանեց, որ ուսուցիչներից ոչ մեկը չի ունեցել մրցույթի համար պարտադիր պայման հանդիսացող հավաստագիրը. «Ուղղակի այնպես էր ստացվել, որ այդ ժամանակ հավաստագրման դասընթացներ չկային, հնարավոր չէր մասնակցել: Այդ պատճառով չկային, թե չէ, իհարկե, կոլեկտիվում կան օժտված մարդիկ, որոնք կարող էին մասնակցել մրցույթին»: Փոխտնօրենից նաեւ տեղեկացանք, որ Մարինե Հարությունյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու իրեն տնօրենի պաշտոնից ազատելու մասին նախորդ մարզպետի որոշումը՝ դա կապելով ապրիլյան ցույցերին իր մասնակցության հետ:
Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի վերընտրված տնօրենի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Խաչատուր Խաչատրյանից տեղեկացանք, որ տվյալ ուսուցիչների նամակը ստացվել է: Դրանում առաջ քաշված խնդիրներն ուսումնասիրվում են: Այդուհանդերձ, ըստ նրա, մեծ է հավանականությունը, որ մարզպետը Մարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիր կկնքի, որովհետեւ օրենքի պահանջն է, որ դա պետք է արվի խորհրդում կայացած ընտրությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Իսկ դրանից հետո, եթե ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ կգան չարաշահումների փաստեր, կքննարկվի տնօրենի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Խաչատուր Խաչատրյանը, ամեն դեպքում տեղյակ է, որ տնօրենի հարազատներից երկուսը Դեբեդավանի դպրոցում են աշխատում դեռ 90-ականներից, երբ նա դեռ չէր զբաղեցնում այդ պաշտոնը:
«Մարզպետը շատ խիստ հանձնարարել է, ոչ միայն այս, այլ նաեւ մյուս դպրոցներում պետք է ստուգումներ անցկացվեն, որպեսզի անցյալում ինչ-որ կատարվել է, թեկուզ թերի, լրիվ շտկվի, օրինական դաշտ մտնի, ասել է, որ բոլոր բնագավառներում միանշանակ պետք է արդարություն լինի»,- նշեց կրթության վարչության աշխատակիցը: Նրա հետ զրույցում պարզ դարձավ, որ տնօրեն Մարինե Հարությունյանին վերագրվող խախտումների հետ կապված ոչ թե քրեական գործ է հարուցված, այլ առայժմ դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել: