92 թ-ից այս կողմ, նման բան չէր եղել. Դավիթ Շահնազարյան

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, վերջին 30 տարիներին լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը երբեւէ այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել, որքան հիմա ունի: Կարծիքը Դավիթ Շահնազարյանը հայտնել է ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ:
«Ես պատրաստ եմ ապացուցել բոլոր բաղադրիչներով, վերջին 30 տարվա ընթացքում լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել»,-ասել է Դավիթ Շահնազարյանն ու մի շարք հարցադրումներ հնչեցրել. «Նախիջևանի հատվածում սահման չկա, կան դիրքեր, ինչո՞ւ են թույլ տվել դիրքերի առաջախաղացում, քանի՞ դիրք է առաջ բերվել, քանի դիրքից է նշանառության տակ դեպի Կապան ճանապարհը, ի՞նչ նոր ենթակառուցվածքներ կան այդ դիրքերում»:
Ըստ նրա, Նախիջևանի գործոնն այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր հնարավոր քաղաքական գործոնները և որևէ դեպքում թույլ չտալ այդ առաջխաղացումը: «Հիմա կարող եք ասել, թե քանի դիրք է առաջ խաղացված: Դիրքերի առաջխաղացում պետք չէր թույլ տալ, 92 թվականից մինչ այս նման բան չէր եղել»,-նշել է նա՝ դիմելով քննարկմանը ներկա ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
Ի պատասխան վերջինս նշել է, թե չի կարող ասել: «Բացի այդ, առաջխաղացում չի նշանակում, որ իրենք մտել են մի այնպիսի տարածք, որի հետևանքով մենք կորցրել ենք վերահսկողություն»,-հավելել է Արծրուն Հովհաննիսյանը: