Խաղատնային կրքեր. ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Միջադեպի արդյունքում ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Henaran.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց Էդուարդ Բաբայանի ձերբակալման լուրը: Տռուզյանի խոսքով՝ այլ մանրամասներ այս պահին դեռ չի կարող հայտնել. «Մանրամասներ կհայտնենք ավելի ուշ»,-ասաց նա:
Ըստ մամուլի՝ միջադեպը ծագել է խաղատան երեք այցելուի ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը հենց խաղատան բակում փորձել է կարգի հրավիրել «անկարգ հաճախորդներին»: Ականատեսների պատմածով՝ նրանց է միացել Էդուարդ Բաբայանը, ում ձեռքին զենք է նկատվել, որից հետո ծեծված երիտասարդներից մեկը փորձել է փախչել, սակայն խաղատան աշխատակիցները բռնել և Էդուարդի մոտ են բերել փախչել ցանկացողին, որից հետո ծեծը շարունակվել է: Որոշ տեղեկություններով՝ այդ անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: