Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն ստեղծեց
Հայաստանի քաղաքական դաշտում նոր կուսակցություն է ծնվել՝ «Հայ կառուցողական» կուսակցությունը: Նորաստեղծ կուսակցությունն այսօր իր անդրանիկ համագումարին 112 կողմ, 0 դեմ ձայներով կուսակցության նախագահ է ընտրել Անդրիաս Ղուկասյանին:
«Հայ կառուցողական» կուսակցության կարգախոսն է՝ վաղվա հետ համահունչ: Կուսակցությունը որպես իր սկզբունքներ հռչակում է ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը: «Հայ կառուցողական» կուսակցությունը հիմնված է սոցիալ լիբերալիզմի գաղափարների վրա: Կգործի այս դաշտում:
«Մենք գտնում ենք, որ արդեն անհրաժեշտ է գործնականում պատրաստվել ընտրություններին: Առաջիկա ընտրությունները ՏԻՄ ընտրություններն են՝ հոկտեմբերի 21-ին, մեր կարծիքը այն է, որ կուսակցության անդամենրը, որոնք տեսնում են իրենց կառավարման համակարգում, պետք է հնարավորություն ունենան դրսեւորվել», -կուսակցության համագումարին ասաց «Հայ կառուցողական» կուսակցության նորընտիր նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, առաջիկա օրերին կմշակեն գործողությունների պլան ամառ-աշուն ժամանակահատվածի համար. «Իհարկե հանդիպումներ կլինեն, այցելություններ քաղաքներ շրջաններ, որ ընդլայնենք կուսակցությունը: Սա առաջին ուղղությունն է, երկրորդ ուղղությունը՝ ձեւավորել ստվերային կառավարություն, ներգրավել բանիմաց մասնագետների, որոնք խորհրդակցական մարմին կլինեն կուսակցության գործունեության ծրագիրը մշակելու համար»:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, Հայաստանում ավանդույթ է՝ իշխանության գալ հետո ծրրագիր մշակել, իրենք նախապես կմշակեն գործունեության ծրագիրը: Անդրիաս Ղուկասյանի խոսքով, իրենք նպատակ ունեն շոշափելի արդյունքի հասնել ՏԻՄ ընտրություններին եւ պատրաստվել սպասվող խորհրդարանական ընտրություններին:
«Այսօր Հայստանում քաղաքական վիճակն անորոշ է, կա մեծ ներուժ այն քաղաքական ուժի համար, որն ունի ազնիվ ծրագիր, կոփված է հանրության հետ աշխատելու համար: Այսօրվա կառավարությունն իսկապես ժամանակավոր է, ժողովուրդն է որոշելու, թե ով կլինի հաջորդ կառավարութունը»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են դաշինք կազմել կուսակցության գաղափարները կիսող քաղաքական ուժերի հետ, բայց եթե այդպիսիք չլինեն, հանդես կգան որպես ինքնուրույն ուժ: