Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից և ՀՀ կառավարության ծրագրում կարևորված երեխաների խնդիրների առաջնայնություններից ելնելով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՄԱԿի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ներկայացուցիչներ և փորձագետներ:
Հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին և ներկայացված առաջարկներին:
Նա իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ և հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա, իսկ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռևս արդյունավետ չի գործում: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին` Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման և վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության կանխարգելման և սոցիալական ներառման (ինտեգրման)» համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտների պատասխանատու օղակների շարունակական և համակցված աշխատանք: Արա Բաբլոյանի խոսքով` եթե պահպանվում է այդ կարևոր սկզբունքը, հնարավոր է դառնում կանխարգելել հաշմանդամությունը, իսկ եթե անգամ հնարավոր չէ կանխարգելել այն, ապա կյանքի ցիկլի վաղ փուլից սկսած հաշմանդամության առկայությունը բացահայտելու, անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում, համալիր ծառայությունների ու միջոցառումների օգնությամբ միանգամայն իրատեսական է ապահովել երեխայի հետագա ամբողջական ներգրավվածությունը հասարակական կյանքին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ առաջարկվող մոդելի կարևոր առանձնահատկություններից է այն, որ զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար երաշխավորվում են վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն և լիարժեք խնամք պետության, համայնքի և ընտանիքի հովանու ներքո: Ըստ Արա Բաբլոյանի` մոդելի հիմքում ընկած է այնպիսի կարևոր մոտեցում, ինչպիսին ընտանիքակենտրոն մոտեցումն է, երբ երեխայի` հասարակական կյանքին ամբողջական ինտեգրումը տեղի է ունենում ընտանիքի ակտիվ մասնակցությամբ:
ԱԺ նախագահը, ներկայացնելով մոդելը, շեշտել է, որ պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ենթադրվող ծառայությունները հասանելի լինեն նաև Երևանից դուրս ու հատկապես հեռավոր շրջաններում:
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձանագրել է, որ 2017թ. բարեփոխվեց Ընտանեկան օրենսգիրքը և այն համապատասխանեցվեց ՀՀ նոր Սահմանադրությանը: Ըստ նշված բարեփոխումների` ներդրվեց «երեխայի լավագույն շահ» հասկացությունը և դրան համապատասխան առաջիկայում նկատելի կլինեն երեխաներին վերաբերող սոցիալական ծրագրերի փոփոխությունները: Հակոբ Հակոբյանը նշել է նաև, որ հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է և արդեն աշնանն ամբողջովին կընդունվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծում մի շարք խնդիրներին տրվել են լուծումներ:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ կան բազմաթիվ անելիքներ ու թեև մի շարք ծառայությունների ապահովումը կարող է և ծախսատար լինել, սակայն պետք է կենտրոնացնել ջանքերն ու գտնել անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներն ըստ արժանվույնս բավարարելու համար:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է հաշմանդամության կանխարգելման ծրագրերի իրականացումը: Հաշմանդամության և զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովման հարցում նախարարն ընդգծել է առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտների պատասխանատուների համատեղ ու համակարգված աշխատանքը: Նախարարը նաև շեշտել է, որ այս առումով համայնքներին տրվող լիազորությունների ընդլայնումը գործընթացի ամենակարևոր մասերից մեկը պետք է լինի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարևորել է ներառական կրթության զարգացումը, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների նկատմամբ առանձնահատուկ մոտեցումն ու մասնագետների կողմից նրանց հետ իրականացվող աշխատանքը: Նախարարը նշել է, որ հետևողական աշխատանքների արդյունքում պետք է բացառվեն, օրինակ, այնպիսի դեպքերը, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները պատշաճ չեն իրազեկվում ներառական կրթության և վերականգնողական ծրագրերի առավելությունների ու հնարավորությունների մասին:
Խորհրդակցությանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը ներկայացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին պատմող հոլովակ:
Եզրափակիչ խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել ԱԺ նախագահի նախաձեռնած քննարկումն` ընդգծելով, որ քննարկման ընթացքում վեր հանվեցին մի շարք խնդիրներ և առաջարկվեցին կոնկրետ լուծումներ: Ըստ նրա` այս ձևաչափով հանդիպումը միջգերատեսչական համագործակցության լավագույն օրինակ է:
Խոհրդակցության արդյունքում որոշվել է`
*Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրները դարձնել քննարկման առարկա, մշակել օրենսդրական լուծումների առաջարկներ, կառավարության համապատասխան օղակներում, ինչպես նաև այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով` Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ անելու նպատակով,
*Պետական մարմինների միջև արդյունավետ համակարգում իրականացնելու համար Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավար է առաջարկվել նշանակել ՀՀ փոխվարչապետին,
* Աշխատանքներ իրականացնել Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին հրաժեշտ լիազորություններ վերապահելու, մարդկային, տեխնիկական և ֆինանսական համարժեք ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ,
*Ուշադրություն դարձնել և ջանքեր ներդնել հատկապես գյուղական բնակավայրերում ու առավել անբարենպաստ պայմաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների և համարժեք խնամքի մատչելիությունն ապահովելուն,
*Առանձնակի ուշադրություն հատկացնել հաշմանդամության կանխարգելման ծրագրերին ու ռազմավարություններին` կարևորելով հատկապես վերարտադրողական ու սեռական առողջությանն ուղղված կրթական, ինչպես նաև նորածնային սկրինինգային ծրագրերը,
*Շարունակել ջանքեր գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների` իրենց ընտանիքներում մնալու և հետագա հասարակական ինտեգրումն ընտանիքի հովանու ներքո անցնելու ուղղությամբ: