Հիմա ամեն ինչ արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ անդամ լինելը վատ բան է
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Հայաստանում գործող օրենքները համարեց անորակ:
«Հայաստանում գործող օրենքները հնարավորություն չեն տալիս ժողովրդի կամարտահայտությանը անմիջապես տալ լեգալ իրավական ձև: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում անցկացվի ընտրություններ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը և հավելեց, որ հիմա մենք գտնվում ենք այն փուլում, երբ լեգիտիմությունը պետք է վերածվի լեգալության:
Քաղաքագետը դժվարացավ խոսել սպասվող արտահերթ ընտրությունների ժամկետների մասին, բայց ասաց, որ ենթադրաբար այն կլինի աշնանը կամ գարնանը: Ընտրությունների համար ամենաանհրաժեշտ պայմանները, ըստ նրա, նախկին համակարգի կազմաքանդումն ու նոր ընտրական ինստիտուտների ձևավորումն են:
Ենոքյանի խոսքով՝ կուսակցությունների ձևավորման հարցում մենք ունենք շատ մեծ խնդիր. «ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որ ՀՀ քաղաքական կառուցվածքը հիմնված լինի կուսակցությունների վրա: Մինչդեռ ակնհայտորեն տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորված չէ կուսակցությունների ինստիտուտը: Օրինակ՝ պարզվեց որ ամենամեծ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն ոչ թե քաղաքական, այլ կրիմինալ կուսակցություն է»:
Ենոքյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն որպես կուսակցություն կկարողանա հանդես գալ ընտրություններին, միաժամանակ նշեց նաև, որ ՀՀԿ-ն հանդես կգա նոր ռեսուրսներով:
Henaran.am-ի հարցին արդյո՞ք աբսուրդի շարքից չէ որոշ շրջանակներում ծավալվող տեսակետը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ՀՀԿ-ն որպես թիմ հանդես գան, բանախոսը պատասխանեց.
« Քաղաքականության մեջ պետք չէ ոչինչ բացառել, բայց այդ դեպքում «ՔՊ»-ն ռեյտինգի մեծ անկում կցուցաբերի, եթե միանա ՀՀԿ-ին: Հիմա ամեն ինչ արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ անդամ լինելը շատ վատ բան է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: