27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քանի՞ գիրք պետք է կարդալ` օլիգարխ դառնալու համար

Գրողների միջազգային օրվան ընդառաջ ներկայացնում ենք Henaran.am-ի թղթակցի զրույցը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ` ժամանակակից գրականության դրական և օլիգարխիկ դրսևորումների հարցերի շուրջ:

-4-րդ դասարանի կրթությամբ մարդիկ՝ սափրագլուխներ, հաստավզեր, որոնք հենց իրենց չկարդալու ունակությամբ, անգրագիտությամբ, կյանքի հանդեպ ոչ ստեղծագործական մոտեցման արդյունքում դարձան այսօրվա սերնդի իդեալները: Ժամանակակից գրականության գերխնդիրը որն է:

-Պետականամետ գրականությունը: Մտահոգ մարդ, ում համար թանկ է այս երկրում եղած ամեն ինչ: Եվ մեր հասարակության վատ կողմերի արտացոլումը գրականության մեջ հենց այդ մտահոգությամբ է պայմանավորված:

-Այսօր գիրքն ավելի շատ տպագրվո՞ւմ, թե՞ կարդացվոմ է: 

-Ցավոք ավելի շատ տպագրվում է, քան թե կարդացվում: Նույնիսկ սա այն դեպքում, երբ մեր տպաքանակներն այդքան էլ բարձր չեն` առավելագույնը 500 օրինակ:

Մյուս կողմից էլ շուկայի ուսումնասիրությունը հստակ արված չէ: Գրքի տպաքանակի վաճառքի ցուցանիշն այսօր դեռևս ընթերցանության ցուցանիշ չէ` կարող է 1 գիրքը փոխանցելով կարդան 10 հոգի, կա նաև գրադարանների, էլեկտրոնային գրքերի առկայությունը: Պետք է վերականգնել գիրք գնելու մշակույթը, իսկ այսօր ընթերցողին լավ գիրք իսկապես առաջարկվում է: Ապագայում հաստատ ավելի շատ կկարդացվի, քան թե կտպվի:

-Ո՞վ է այսօրվա գրականության հերոսը:

-Հերոս բառը մեր ժամանակներում պետք է օգտագործենք շատ հարաբերականորեն. Նույնիսկ այն դեպքում, երբ մենք հաղթական պատերազմ ենք ունեցել: Ցավոք, գրականության մեջ այդ հերոսին չունենք: Հերոսի բազմակերպություն է այսօր գրականության մեջ: 90-ականների գրական հերոսը ամաչում էր իր մարդ լինելուց, իսկ այսօր դրանք ավելի կենսական են:

Մարդկային հատկանիշների կորստի համար ցավող, ակտիվ, չհամակերպվող մարդ է այսօրվա գրականության հերոսը, որն այդպիսին չէր 20 տարի առաջ: Սա արդեն առաջընթաց է այսօրվա գրական հերոսի համար:

Մեր օրերի «հերոսները»`քաղաքական, քրեական, օլիգարխիկ դեմքերը, որքանո՞վ են «գալիս գրականություն»:

Շատ-շատ են գալիս: Չկա մեր հասարակության մեջ կատարվող որևէ պրոցես, որը գրականության մեջ չմտնի: Մի բանի համար, իրոք ցավում եմ. մեր կատակլիզմի ժամանակներում, երբ այսքան հրաշալի նյութ կա երգիծելու, գրոտեսքային գործեր ստեղծելու, մեր գրողները շատ քիչ են օգտվում այդ «զենքից»:

Ցավալի է, որ այսօր երգիծական գրականությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է: Առանձին և շատ քիչ գործեր կան. օրինակ` Վահագն Գրիգորյանի «Առաջնորդի կյանքն ու մահը», Աբել Միքայելյանի «Քաղաքական հարբեցողություն»-ը, որտեղ հրաշալի անդրադարձված է մեր իրականությանն` իր պատգամավորներով, օլիգարխներով…

-Գուցե կյանքում ծաղրն ու երգիծանքն այնքան շատ է, որ գրականությունը «կշտացե՞լ է դրանից»: Այո՞:

-Գրականությունն աշխատում է կյանքում կրկնվող ու նույնիսկ զզվացնող երևույթներ կամ դեմքեր չբերել գրականություն: Չմոռանանք նաև այնպիսի ժամանակներ են, որ շատ բան արժեզրկված է ու շատ բաներ էլ իրենց տեղում չեն: Գրականությունն այսօր խուսափում է պաթետիզմի ցանկացած երանգից, որովհետև այդ բարձրագոչ, գեղեցիկ խոսքերն այնքան են արժեզրկվել քաղաքական գործիչների ճառերում, որ գրականությունը հարկ էլ չի տեսնում անդրադառնալ դրանց:

– Քանի՞ գիրք պետք է կարդալ այսօր` օլիգարխ, հարուստ դառնալու համար: Քիչ:

Մեր կյանքի օրինաչափությունները ցույց են տալիս, որ ինչքան քիչ կարդան, այնքան շուտ կդառնան օլիգարխ, բիզնեսմեն… որովհետև ցավոք մեր գրականության և ինչու չէ նաև մեր հասարակության մեջ իդեալի բացակայություն կա: Վերջին 20-25 տարում, ցավոք մեր իրականությունը շատ քիչ հնարավորություն տվեց կամ չտվեց իդեալ ստեղծելու համար:

-Բայց հասարակության մեջ կա՞ն այդ իդեալները:

-Այո, բայց այն իդեալները, որ ձևավորվեցին հասարակության մեջ, դրանք 4-րդ դասարանի կրթությամբ մարդիկ են, սափրագլուխներ, հաստավզեր, որոնք հենց իրենց չկարդալու ունակությամբ, անգրագիտությամբ, կյանքի հանդեպ ոչ ստեղծագործական մոտեցման արդյունքում դարձան այսօրվա սերնդի իդեալները:

Այսօր երեխան գիտի, որ եթե ինքը ավելի քիչ կարդա, ավելի շատ արդյունքի կհասնի, որովհետև կյանքում այդպիսի օրինակները շատ են: Բայց ես համոզված եմ, որ այդ ժամանակներն անցնելու են, որովհետև եթե պետականության կայացման ընթացքը շարունակվի բնականոն հունով, ճիշտ իշխանություններ գան ղեկավարելու մեր երկիրը, և մշակութային հասարակություն ձևավորվի, կստացվի այն պատկերը որ հաջողակ լինելու և կյանքում առաջընթաց ունենալու համար պարտադիր պետք է կարդալ:

Ինչքան շատ գիրք կարդան, այնքան մեծ կլինի բարգավաճման աստիճանը:Իսկ այսօրվա այդ իդեալները իդեալ լինելու հետ մեկտեղ, նաև ծաղրի առարկա են`երբ դու թաքուն ես մտածում հաստավիզ կամ օլիգարխ դառնալու մասին, դրա մեջ արդեն ծաղրելի բան կա, երբ դու քո իդեալին մոտենում ես վախով, որ ուրիշները չիմանան, թե դու ինչ ես ուզում դառնալ, արդեն իսկ այդ իդեալը ծաղրելի է: Գրականությունը պետք է աշխատի լավ օրինակները վարակիչ դարձնել, այլ ոչ թե ծաղրելի իդեալները տարածել:

Զրուցեց` Սոնա Խաչատրյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ