Ի վերջո, Արցախի և Հայաստանի վերամիավորումը պետք է լինի
Ի վերջո Արցախի և Հայաստանի վերամիավորումը պետք է լինի․ «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում նման միտք արտահայտեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանի անկախության հռչակագրում հենց Արցախի հետ վերամիավորման գաղափարն է դրված, ինչպես նաև՝ Արցախյան պայքարի ամբողջ փիլիսոփայությունը եղել է վերամիավորումը, վերամիավորման մտքով է սկսվել ամբողջ պայքարը»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նաև նկատեց, որ Արցախը դե ֆակտո շատ առումներով միավորված է Հայաստանի հետ՝ լեզվից, դրամից սկսած շատ այլ բաներով վերջացրած:
«Ես կարծում եմ, որ երկարաժամկետ ինչպիսի արդյունք էլ լինի, վերջնաժամկետում լինելու է Հայաստանի և Արցախի վերամիավորումը,-ասաց նա՝ նշելով, որ չի կարող ասել, արդյոք դա լինելու է իրենց կառավարության շրջանում, որովհետև, ըստ նրա, դժվար է այդ խնդրին արագ լուծում տալը,- բայց կարևոր է, որ նպատակը դա է»:
Իսկ մեկ այլ օգտատիրոջ դիտարկմանը, թե պատրաստվո՞ւմ են արդյոք բարձրագույն ատյաններում բարձրացնել Նախիջևանի հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Նման հարցերը այս պահին օրակարգում չի քննարկվում: Հիմնականում ավելի շատ ներքին հարցեր ենք քննարկում, կենտրոնացած ենք այլ խնդիրներ լուծելու վրա»:
Արմեն Գրիգորյանը նաև պատասխանեց ֆեյսբուքյան օգտատիրոջ հորդորին՝ հետևել իրենց անվտանգությանը, հաշվի առնել հնարավոր սպառնալիքներն իրենց անձի նկատմամբ:
«Մենք մեզ անվտանգ ենք զգում»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում հնարավոր վտանգների նկատմամբ իրավապահ մարմինները ուշադիր են:
Օգտատերերից մեկն էլ Արմեն Գրիգորյանին հիշեցրեց, որ ժամանակին ինքը նախագահ Արմեն Սարգսյանին անվանել էր «ցինիկ» և պահանջել, որ ցույց տա իր անձնագիրը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե արդյո՞ք Արմեն Գրիգորյանը տեսել է նախագահի անձնագիրը:
«Այդ փաստաթուղթը ներկայացվել է վարչապետին, և վարչապետը հավատացրել է, որ կա փաստաթուղթը»,- ասաց նա: