Այս հարցում պատրանքներ ունենալ չենք կարող
Ադրբեջանն իր ռազմական մկաններն է ցույց տալիս ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլեւ միջազգային հանրությանը: Henaran.am –ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին եւ Ադրբեջանի զինտեխնիկայի ու զինուժի տեղաշարժերին, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Խոսրով Հարությունյանը: Ըստ պատգամավորի, այս քայլով Ալիեւը մեսիջ է հղում առ այն, որ շարունակում է հակամարտության լուծումն ուժային ճանապարհը համարել:
«Մենք այս հարցում պատրանքներ ունենալ չենք կարող: Խնդիրը մեզ համար չի փոխվել՝ նախկին իշխանությունները լինեին, թե նոր: Միակ ճանապարհը սեփական տնտեսական կարողությունների ավելացման միջոցով մեր ռազմական ներուժի ավելացումն է, այլ խնդիր չկա»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա մտահոգիչ ու նաեւ անսպասելի համարեց Արցախի ներքաղաքական զարգացումները. «Հուսանք, որ վտանգը զգալու արցախցիների բնազդը հնարավորություն կտա կայուն եւ կառավարելիության շրջանակում պահել հանրային կյանքը: Ես չեմ մերժում ժողովրդավարությունը, արդարությունը, բայց խնդիրը միայն դրանց մեջ չէ, մենք պետք է գիտակցենք, որ կա մեկ այլ պրոբլեմ՝ դա անվտանգույթունն է»:
Պատգամաավորն ասաց, թե չի կասկածում, որ հարմար պահին Ադրբեջանն անպայման կօգտվի Արցախի ներքաղաքական հնարավոր անկայունությունից: «Ճանաչելով Ալիեւին, նրա կոնցեպտը, ես դրանում մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Եթե հնարավորություն ունենա, նա անպայման կփորձի, բայց մի բան հասկանալի է, որ չի կարելի փորձել ու տեսնել, թե ինչ կստացվի, որովհետեւ իրադարձությունները հնարավոր է դուրս գան վերահսկողությունից», -շարունակեց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանն ամեն պահի պետք է պատրաստ լինի հակառակորդի ցանկացած արկածախնդրության: