Արցախում ընթացող պրոցեսները վտանգավոր են
Այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Արցախում ընթացող պրոցեսների մասին և ինչի կհանգեցնի այդ ամենը, պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղը ճակատում գտնվող տարածք է, որտեղ ցանկացած քայլ պետք է բավականին հավասարակշռված լինի. «Եթե Լեռնային Ղարաբաղում գնա այն պրոցեսը, որը գնաց Հայաստանում, դա կարող է փլուզել կայունությունը և կարող է ռազմաճակատում ավելացնել շատ վտանգավոր իրավիճակ, ինչը թույլ տալ չի կարելի»:
Բոզոյանն ասաց, որ չնայած նրան, որ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Լեռնային Ղարաբաղի վրա, այնուամենայնիվ Արցախում կատարվող գործողությունները պետք է լինեն շատ սահուն և աննկատ, որովհետև կան բազմաթիվ գործոններ, որոնք չեն կարող թույլ տալ, որ այնտեղ քաոս առաջանա:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքը հանրային հնչեղություն ստացավ, որից հետո մի խումբ քաղաքացիներ Արցախում բողոքի ակցիաներ սկսեցին: