Նախիջեւանում Ալիեւը փորձում է հոգեբանական խնդիր լուծել
Նախիջեւանի հատվածում ադրբեջանական դիրքերի առաջխաղացման ու նոր դիրքեր գրավելու վերաբերյալ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում եւ քարոզչական նպատակ են հետապնդում: Այս մասին Henaran.am -ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Նա այն փորձագետների խմբում է եղել, որոնք ՊՆ նախաձեռնությամբ այցելել են դիրքեր եւ տեղում ծանոթացել իրավիճակին:
«Ադրբեջանը տարածել էր, թե իբր «հայկական օկուպացիայից» ազատագրել է Հունուտ գյուղը՝ չկա նման բան, Ադրբեջանը տարածել էր, թե դիրքերը այնքան է առաջ բերել, որի արդյունքում ազատագրել են Հունուտ սարը՝ չկա նման բան, տարածել էր, թե նոր ռազմավարական բարձունքներ են գրավել, ինչը սուտ էր այն առումով, որ այդ դիրքերը նախկինում էլ եղել են ադրբեջանական դիրքեր: Սուտ էր, թե նոր դիրքերը, որտեղ առաջխաղացում են ունեցել միջդիրքային տարածքում՝ չեզոք գոտում, գերիշխում են հայկական դիրքերին: Չկա նման բան, ադրբեջանական բոլոր դիրքերը հայկական հենակետերի տեսադաշտում են՝ ափի մեջ եւ նրանց բարի կամիքց է կախված՝ դրանք գոյություն կունենան , թե ոչ»-փաստեց Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, այդ այսպես ասած, դիրքերը, իրականում դիրք անվանելն էլ ճիշտ չէ, որովհետեւ դրանք առայժմ անգամ կրակակետեր չեն, որոնք պահելու համար, ըստ քաղաքագետի, պետք է թիկունքային ճանապարհ կառուցվեն, ինչը նրանց հայկական կողմը թույլ չի տալիս:
«Նրանք տարածել էին, թե «ազատագրել» են 11 հազար հա տարածք, սա ուղղակի զավեշտ է, 11 հազար հա-ը գրեթե Երեւան քաղաքի կեսն է, նման բան գոյություն չունի, եթե այն, ինչ ունեն, հաշվում են որպես «ազատագրված», այլ հարց է: Հայտարարել էին, թե 50 կմ ճանապարհ են կառուցել, բայց ճանապարհները, որոնք տեսանելի էին, ԽՄ ժամանակներից են եւ միջդիրքային կամ թիկունքային ճանապարհներ չեն:Անգամ այդ ճանապարհները կապված չեն դիրքերի հետ: Եվ վերջապես, Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղին տեսադաշտում պահելը եւս սուտ է, որովհետեւ այդ դիրքերից որեւէ մեկը ուղիղ նշանառության տակ չի կարող վերցնել այդ ճանապարհը»,-շարունակեց պատմել Ստյոպա Սաֆարյանը:
Անդրադառնալով Նախիջեւանի հատվածում հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժերին, ինչի մասին ՊՆ-ն հայտարարում էր ապրիլ ամսվա ընթացքում, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ որոշակի ամրացումներ կատարվում են, ինչը, ըստ նրա վերլուծության նյութ է եւ վտանգավոր է: «Վտանգավոր է այն առումով, որ սա նշանակում է, որ եթե ռազմական ավանտյուրա սանձազերծեն, անշուշտ իրենք Նախիջեւանի հետ կապված խնդիրներ ունենալու են, որովհետեւ դա պատանդի կարգավիճակում գտնվող տարածք է եւ այսկերպ փորձում են այդ խնդիրները լուծել, առավելագույնը դիրքավորվել, այնքանով որքանով իրենց թույլ է տալիս տեղանքն ու հայկական կողմը», -նշեց քաղաքագետը:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, այս գործողություններով Իլհամ Ալիեւը փորձում է հոգեբանական վիճակ փոխել Նախիջեւանում: Իտարբերություն հայկական կողմի, որը, ըստ սաֆարյանի, նախընտրում է իր դիրքերն առաջ տանելու հետ կապված լռություն պահպանել, ադրբեջանական կողմը նոր դիրքավորումները ներկայացնում է քարոզչական տեսնակյունից «2014 թ. իրադարձություններից հետո, երբ այտեղ հայկական դիրքերը Ադրբեջանի համար շատ անակնկալ հայտնվեցին գերիշխող դիրքում, այնտեղ խուճապ էր, նույնիսկ որոշ գյուղեր դատարկվում էին, մասնավորապես Հեյդարաբադը: Այսօր էլ այն եւ շատ այլ բնակավայրեր եւ բուն Նախիջեւանը գտնվում է հայկական կողմի տեսադաշտում, հետեւաբար Ալիեւը փորձում է հոգեբանորեն բարձրացնել պաշտպանվածության ոգին, ասել, որ տեսեք՝ մենք դիրքերում նստած ենք, բայց այնպես չէ, որ Ալիեւն այդ խնդիրը լուծում է՛՛,-Henaran.am -ի հետ զրույցում եզրափակեց քաղաքագետը: