Կառավարության քայլը՝ անապահովների համար
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի հանձնարարակով անդրադարձավ էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխման վերաբերյալ քննարկումներին:
Նախարարն ասաց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները, քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, էներեգտիկ ոլորտի ռիսկերն են գնահատվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված: «Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ ռիսկեր կան՝ նաև գազի գնի հետ կապված: «Մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով. 110 հազարից 120 հազարն է նրանց թվաքանակը նախնական, մենք եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,-հայտարարեց նախարարը:
Վարչապետն էլ նշեց, որ կոռուպցիոն ռիսկերի մասին չխոսվեց, հանձնարարեց շարունակել ուսումնասիրություններն ու քննարկումները, ապա թափանցիկ կերպով ներկայացնել եզրահանգումները: