3 խնդիր, որ դրված է Փաշինյանի առջև
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չէր կասկածում, որ կառավարության ծրագիրն ընդունվելու էր խորհրդարանում: «Ակնհայտ է՝ ՀՀԿ-ից որոշների հեռացումը կապված էր նրա հետ, որ շատերը գալիս էին բիզնես ծաղկեցնելու համար, ոչ թե գաղափարի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե բնականոն է, որ ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն հիմա, նա պատասխանեց. «Բնականոն կլիներ, եթե իրենք այդ դերը սկսեին ստանձնել նախորդ տարվա ընտրություններին, երբ կպարտվեին, եթե արդար ընտրություններ լինեին»:
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ այս կառավարությունը, անձամբ վարչապետը 3 կարևոր խնդիր ունի իր առջև դրված: «Բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից, անցկացնել ընտրություններ, քաղաքական խորհրդարան ստանալ: Այ սրանք են կարևոր առաջնահերթ: Նաև շատ կարևոր է, որ ոչ ոք մտքով չանցկացնի, որ փախան այլ ճամբար, պիտի նորից ապահովված լինեն: Խոսքը բոլոր քաղաքական ուժերի գործարարներին է վերաբերում»:
Ի դեպ, մեր զրուցակիցը գտնում է նաև, որ Արցախում տեղի ունեցող գործընթացները ևս կապ ունեն այս ամենի հետ, ոչ թե թելադրվում են Հայաստանից, այլ ուղղակի այստեղի գործընթացների անմիջական ազդեցությունն են կրում: «Բայց այստեղ լավ է, որ Բակո Սահակյանը հասկացավ, որ փոփոխություններ պետք է լինեն, նա արձագանքեց, ինչը շատ լավ է: Այնտեղ էլ էր լճացում, այտեղ էլ է պետք ուժեղ ընդդիմություն: Բակո Սահակյանը շատ ադեկվատ գտնվեց»,-եզրափակեց նա: