Ես կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին վերանայել իր որոշումը. գնդապետ
Գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականններին ասաց, որ փաստը շատ մտահոգիչ է:
«Այն մարդը, ով այսքան երկար ճանապարհ է անցել և այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, դա լավ հետևանքներ չի կարող ունենալ, այն առաջին հերթին թուլացնում է Արցախի պետական կառավարման համակարգը և լուրջ հարված է հասցնում Արցախի պաշտպանունակությանը: Ես կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին վերանայել իր որոշումը»,-ասաց նա:
Գնդապետի կարծիքով՝ այս դիմումները միայն ի վնաս Արցախի են լինելու. «Եթե ինչ-որ ճնշումների տակ նրանք հրաժարական են տալիս, ապա մեր պետության դիմադրողականությունը Արցախում զրոյականի է հավասարվել: Այսօր Հայաստանում պետական դիմադրողականությունը շատ ցածր է, և եթե Արցախում էլ է այդ ուժը թուլանում և հասնում է այն աստիճանի, որ հեղինակավոր մարդիկ անհիմն պատճառով ազատման դիմում են ներկայացնում, դա արդեն լուրջ սպառնալիք է»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը և Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում են ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: