Մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ. Շարմազանով (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ կուսակցությունը քննարկել է կառավարության ծրագիրը: «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի»,-նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Բովանդակության մասով Շարմազանովը նշեց՝ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր: «Ծրագրում չկան թվեր, չկա՝ ինչպես և ոնց պետք է լուծվեն խնդիրները»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ իրենց կառավարությունը տվել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, իսկ թվերը շատ կարևոր են հասարակության համար:
Նա նշեց, որ գրված է, թե գյուղատնտեսությունում հեղափոխական զարգացում է լինելու, սակայն չի ասվում, թե ինչպես են դրան հասնելու:«Սա երազանքների ծրագիր է, բայց ոչ երբեք արհեստավարժ ներկայացված ծրագիր, և այդ իմաստով հնարավորություն կտանք չխոչընդոտելու, բայց մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ»,-հայտարարեց նա: