29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բողոքի ցույցերը չեն ազդել Արցախում տիրող մթնոլորտի վրա

«Ստեփանակերտում ամեն ինչ հանգիստ է, ես հիմա Արցախում եմ եւ հասարակական կյանքում որեւէ փոփոխություն չեմ նկատել: Այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտի տարբեր հատվածներում, որեւէ էական ազդեցություն չունի այն ընդհանուր մթնոլորտի վրա, որը  տիրում է Արցախի Հանրապետությունում այս պահին, որը տիրում էր մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին, ասաց Հայաստանում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Գառնիկ Իսագուլյանն ի դեպ, Արցախում է:

Հիշեցնենք, որ  հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքը հանրային հնչեղություն ստացավ, որից հետո  մի խումբ քաղաքացիներ Արցախում բողոքի ակցիաներ սկսեցին:

Անդրադառնալով նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հնչեցրած կոչին եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ նրան որպես չեզոք կողմ հանդես գալ Արցախի ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար, Իսագուլյանը շեշտեց.  «Արցախը Հայաստանի ներքաղաքական կյանքին որեւէ ազդեցություն չպետք է ունենա եւ չունի, նույն կարգով էլ Հայաստանը չպետք է որեւէ ներգործություն ունենա Արցախի Հանրապետության ներքին կյանքին: Արցախը ապրում է շատ ուրույն կյանքով, որի վրա արտաքին ազդեցություններն այդքան մեծ նշանակություն չեն կարող ունենալ» : Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց՝ Արցախում իրավիճակը հանդարտվեց, որովհետեւ երկրի նախագահն ու պետնախարարն ընդառաջ գնացին ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունեց ակցիայի  մասնակիցներին՝ հավաստիացնելով, որ միջադեպի կապակցությամբ  իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն,  մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Իսկ հուիսի 4-ին Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի եւ նախաձեռնող խմբի անդամների հանդիպումից հետո նախաձեռնող խմբի անդամները նշեցին բողոքի ակցիաները դադարեցնելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ