Քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարևոր գործընթացների արդյունավետ իրականացմանը և պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի զեկույցում նշվեց, որ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով մինչև ապրիլի 1-ը համապատասխան մարմինները պետք է կառավարության աշխատակազմ ներկայացնեն պետական կառավարման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների սեփականության, օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, դրանց հաշվեկշռում հաշվառված ջրամբարների, ջրատարների, տրանսպորտային միջոցների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկություններ:
Խորհրդակցության ավարտին նշվեց, որ հանրապետությունում պետական գույքի հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով գույքագրման արդյունքների հիման վրա կկազմվի միջոցառումների պլան` ըստ կատարման ժամկետների և պատասխանատուների: Իրականացված աշխատանքների մասին եռամսյա պարբերականությամբ հաշվետվություն կներկայացվի ԼՂՀ նախագահին:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին