«Քաղաքական կալանավորներ ճանաչված քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն». Ազատ Արշակյան
«Քաղբանտարկյալներին բնութագիր տվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կան: Նման կազմակերպություններ կան նաև Հայաստանում ու ես, որ հանդիսանում եմ նախկին քաղբանտարկյալ վստահում եմ մեր կազմակերպություններին: Նրանք արդեն ասել են հստակ, թե ովքեր են քաղաքական հալածյալներ, ովքեր ոչ: Հայտնի են, ովքեր են քաղաքական կալանավորները»,-այսօր՝մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ազատ Արշակյանը ստեղծաված իրավիճակում լուծման տարբերակ է առաջարկում.« Քաղաքական կալանավորներ ճանաչված քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Նրանք ովքեր քաղաքական չեն, բայց գործում կա քաղաքական երանգ, ապա պետք է նրանց նկատմամբ ձեռնարկվի մարդասիրական վերաբերմունք: Նրանք նույնպես պետք է ազատ արձակվեն , բայց իրավական լուծումից հետո»,-նշեց ազատ Արշակյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատեց, որ որևէ պետություն չի ընդունում, որ ինքը ունի քաղբանտարկյալներ, սակայն Նիկոլ Փաշինյանը դառնալով ՀՀ վարչապետ ընդունեց, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: «Քաղաքական բանտարկյալներին ես կբաժանեի մասերի: Կան խղճի բանտարկյալներ` Ժիրայր Սեֆիլյան,Գևորգ Սաֆարյան, Կարո Եղնուկյան, Սամվել Բաբայան, Հայկ Կյուրեղյան, Շանթ Հարությունյան և ընկերներ:Մյուս խումբը՝ «Սասնա ծռերն են», որոնց էլ կարող ենք համարել քաղբանտարկյալներ:Երբ երկրում տեղի ունեցավ ապստամբության փորձ, որին աջակցեցին մեծ թվով մարդիկ: Նույնիսկ երգ են նվիրել «Սասնա ծռերին»: Մարդիկ այն աստիճան էին ատելությամբ լցվել ռեժիմի հանդեպ, որ անգամ զենքով իշխանափոխության տարբերակին էին պատրաստ»,-նշեց իրավապաշտպանը:
Իշխանյանի խոսքով՝ իրավիճակի փոփոխության արդյունքում պետք է ազատ արձակվողներ լինեն, իսկ ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանց պետք է դատեն և պետք է լինի ազատ և թափանցիկ դատավարություն:
Իշխանյանը գտնում է, որ այս պարագայում կարող է գործել նաև վարչապետի ներման մեխանիզմը: