20-ամյա երիտասարդի սպանությունը կատարվել է ավտոտնակում, դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի՝ մետաղական լարով կապված եւ այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է՝ ծնված 1998թ., սպանության դեպքի իրական վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա երիտասարդի սպանությունն իրականում տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ ավտոտնակում։ Առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ դանակով հարվածներ է հասցրել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետեւ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցնելով յուղ եւ բենզին այրել է:
Կասկածյալը ձերբակալվել է եւ հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա պատմել է դեպքի հանգամանքները:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: