ՕԵԿ-ը հանրաքվե է նախաձեռնում
«Օրինաց երկիր» կուսակցությունը համայնքների խոշորացման դեմ հանրաքվե է նախաձեռնում:
Այս առնչությամբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունում ասվում է.
«Հայաստանում ծավալված հեղափոխական իրադարձությունները ճանապարհ են բացում համարձակ ու արմատական փոփոխությունների համար, ինչպես նաեւ փայլուն հնարավորություն` շտկելու վերջին տարիներին կատարված սխալները, որոնք երկարաժամկետ առումով աղետալի ազդեցություն կունենան Հայաստանի համար:
Ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, զանգվածային գործազրկությունը, աղետալի արտագաղթը է՛լ ավելի նոր թափով զարկ է տալիս վերջին տարիներին իրականացվող համայնքների խոշորացման աղետալի քաղաքականությունը: Ծանոթ բարեկամ սկզբունքով, անհիմն ու չծրագրավորված մոտեցումներով համայնքների խոշորացման գործընթացը ծանրագույն հարված է հասցնում մարզաբնակ մեր հայրենակիցներին` հարուցելով հավելյալ դժգոհություններ եւ դժվարություններ նրանց առավել քան ծանր սոցիալ տնտեսական իրավիճակին:
Ոչնչացվում են գյուղական ենթակառուցվածքները, խաթարվում է տեղային մշակույթը, արհեստականորեն բարձրացվում են մատուցվող ծառայությունների գները, բարդացվում են մարդկանց շփումները համայնքային իշխանությունների հետ, կրճատվում են աշխատատեղերը, արդյունքում փակվում են մարզային ենթակայության բազմաթիվ կազմակերպություններ` զինկոմիսարիատներ, հիվանդանոցներ, դպրոցներ եւ պոլիկլինիկաներ:
Արդյունավետ կառավարում իրականացնելու փոխարեն` չհիմնավորված օպտիմալացում իրականացնելու այլեւս սպառված գործելաոճը իր հերթին բերում է հարկերի ու տուրքերի ավելացում` մարդկանց սոցիալական վիճակի հետագա վատթարացման, գյուղերի բազմամյա ավանդույթները անխնա ոչնչացնելու հեռանկարով:
Ավելին, Հայաստանում երբեմնի շեն բազմաթիվ բնակավայրեր այսօր արդեն ամայացել են եւ զրկվել են բնակիչներից: Ասվածը առավել քան վտանգավոր է միջին համայնքներում, որոնք փոքրաթիվ համայնքների օրինակով կանգնելու են ոչնչացման եզրին:
Ելնելով վերոբերյալից «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը կոչ է անում չշարունակել այս տարի նախատեսված համայնքների խոշորացման գործընթացը, վերլուծել արդեն իսկ կատարված խոշորացումների հետեւանքները, քայլեր ձեռնարկել փոքր բնակավայրերի ոչնչացումը կասեցնելու ուղղությամբ: Իր հերթին ՕԵԿ-ը նախաձեռնում է հանրապետության համայնքների խոշորացման դեմ զանգվածային գործընթաց եւ տեղական հանրաքվեներ` անհեռանկար այս գործընթացը կասեցնելու նպատակով` հատկապես այն համայնքներում, որտեղ խոշորացումը հասցրել է անդառնալի հետեւանքներ եւ այն համայնքներում, որոնց սպառնում է նույն ճակատագիրը»: