Այլանդակ հայհոյել եմ, բայց մարդասպան չեմ. սպանված կուրսանտի գործով ամբաստանյալ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ մայիսի 21-ին, ցուցմունք են տալիս ամբաստանյալները:
«Եթե Հովհաննիսյան Հովիկը իմ ընկերն է եղել ու հիմա պատրաստ ա իմ վրա շառ անի, ի՞նչ ասեմ: Ես կապ չունեմ Հայկազ Բարսեղյանի այդ քայլի հետ: Տղամ եմ ջղայնացած եմ եղել այլանդակ հայհոյանքներ եմ տվել, բայց մարդ չեմ սպանել: Կարաք ապացուցեք, որ մարդասպան եմ»,-նշում է ամբաստանյալ Մովսես Ազարյանը:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։
Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: