Արաբական Էմիրությունների հեղինակավոր թերթը խստորեն քննադատել է Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը
Այն որ Թուրքիայի վարչապետ Ռ. Թայիփ Էրդողանը իրեն պատկերացնում էր որպես
համայն մուսուլմանների առաջնորդ, իսկ Թուրքիային էլ առաջատար երկիր
մուսուլմանական աշխարհում, նորություն չի, սակայն մի բան է ցանկանալն,
իսկ բոլորովին այլ բան է հնարավորություն, առավել ևս ներուժ ունենալը
ցանկացածը իրականացնելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի
կողմից այդքան քարոզվող <<նեօօսմանիզմի>> ռազմավարությունը, բախվելով
աշխարհաքաղաքական իրողություններին և պրագմատիկ իրականությանը, կարելի է
վստահորեն պնդել, որ ձախողվել է: Թուրքիան ամբողջությամբ գերագնահատեց իր
ուժերը, որի պատճառով այսօր կանգնած է բավականին լուրջ խնդիրների առջև:
Բնական է, որ Թուրքիայի վարած վերոհիշյալ արտաքին քաղաքականությունը
քննադատության և բացասական արձագանքի է ենթարկվում իր անմիջական
տարածաշրջանային հարևանների կողմից: Այս համատեքստում բավական հետաքրքիր
է ԱՄԷ հեղինակավոր Ալ Խալիջ օրաթերթի 2014թ. փետրվարի 16-ի խմբագրականում
լույս տեսած բաց նամակը`ուղղված ԱՄԷ-ում Թուրքիայի Հանրապետության դեսպան
Շ. Վուրալ Ալթային, որտեղ ամբողջովին քննադատվում է Թուրքիայի արաբական
հողի վրա առաջություն ձեռք բերելու համար ուրիշ երկրների նեքին գործերին
միջամտելու քաղաքականությունը: <<Ալ-Խալիջ>> օրաթերթը նամակում գրում է,
որ այն բանից հետո, երբ թեթը արաբական հողի վրա առաջնություն ձեռք
բերելու նպատակով ուրիշ երկրների ներքին գործերին աննախադեպ ձևով
խառնվելու, միջամտելու համար Թուրքիայի վարչապետ Ռ. Թայիփ Էրդողանի վարած
քաղաքականությունը քննադատության է ենթարկել, ԱՄԷ-ը թուրքական մամուլի
կողմից թեժ քննադատության է արժանացել: Անգամ դրանցից մի քանիսը
սպառնալիքի բնույթ են կրել: Այնուհետև թերթը հարց է ուղղում դեսպանին, թե
արդյո՞ք վերջինս որևիցե քայլեր ձեռնարկել է դադարեցնելու ԱՄԷ-ի դեմ
ուղղված այդ թշնամական արշավը, թե՞ Թուրքիայիում թերթերն ազատ են և
ցանկացած բան կարող են գրել` ընդհուպ մինչև հայհոյելը, վիրավորելն ու
սպառնալը: Թուրքական թերթերը մեղադրել են <<ալ-Խալիջ>> օրաթերթին
Թուրքիայի ներքին գործերին խառնվելու մեջ, մինչդեռ Թուրքիան հենց ինքն է
միջամտում ուրիշների գործերին, առանց վարանելու իր մասնակցությունն է
ցուցաբերում <<Մուսուլման եղբայրների>> տանուլ տված կռվում` ընդդեմ
Եգիպտոսի և նրա ժողովրդի և այս ամենը կատարում է իսլամական դրոշի քողի
ներքո անցած-գնացած կայսրության վերականգման համար, որը անհնար է
իրագործել: Այնուհետև օրաթերթը նախազգուշացնում է Թուրքիայի դեսպանին, որ
ԱՄԷ չի ընդունի որևէ երկրի կողմից սպառնալիք կամ ահաբեկչություն, առավել
ևս երկրի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ: Սրանք կարմիր գծով
անցնող սկզբունքներ են, որոնք երբևէ խախտելու ենթակա չեն:
Ահա այսպիսի զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայի և ԱՄԷ-ի
փոխհարաբերություններում: Մնում է սպասել Թուրքիայի դեսպանի պատասխանին և
պատճառաբանումներին: