25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է չափազանց վտանգավոր իրավիճակից դուրս գալու ուղին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում ներկայացրել է իր մեկնաբանությունը ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ.

«Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով:

Դրանք այն դեպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են կազմում մի այլ կուսակցության պատգամավորները: Դա չափազանց դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը` հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, և դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, և բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով:

Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետև դա կդիտվի որպես իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, և թե՛ դրանց արդյունքում ձևավորված խորհրդարանի օրինակարգությունը:

Հետևաբար, ինչպես շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետև ընտրական օրենսգրքի վերափոխումն էլ կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից: Չպետք է անտեսել, որ քաղաքական դիմակայության դրդապատճառից բացի, հանրապետականների մոտ առկա են նաև անձնական շահագրգռություններ, քանի որ նրանք համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում:

Հուսանք, որ գործող խրթին սահմանադրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք և ողջախոհություն կդրսևորեն բանակցությունների, երկխոսության և փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանն սպառնացող այս բարդ իրավիճակից», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ