Հայաստանը պատրաստ է. ՊՆ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան” զորավարժարան, որտեղ տեղակայված են “Փոխգործակցություն 2012” զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները:
Այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել է ազգային ստորաբաժանումների հրամանատարների հետ: Անցկացված խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը տվել է մի շարք ցուցումներ եւ հրահանգներ` զորավարժության նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Զորավարժության ընթացքում կիրառվող զինտեխնիկայի ցուցադրման հրապարակում անցկացված ստուգայցից հետո ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել “Փոխգործակցություն 2012” զորավարժության երկրորդ վարժանքին` մարտական հրաձգությամբ:
Այցելության ավարտին Սեյրան Օհանյանը նշել է, որ զորավարժության նախապատրաստական աշխատանքների ընթացքում ցուցաբերված արդյունքները գոհացուցիչ են, եւ հավելել, որ Հայաստանը պատրաստ է “Փոխգործակցություն 2012” զորավարժությանը:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին