Մենք ցույց ենք տվել, որ կատակ չենք անում. Փաշինյան
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հրապարակում ի վերջո ձևավորվել է մի նոր, և թարմ քաղաքական գաղափար, որը պետք է նշանավորի քաղաքական փոփոխությունը Հայաստանում:
«Մենք համերաշխության ձեռք մեկնեցինք Հայաստանի քաղաքական դաշտին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ նրանց կոչ անելով ոչ թե միանալ այս հրապարակում կանգնած քաղաքական ուժերին, այլ միանալ այս հրապարակում կանգնած ժողովրդին»,- քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Փաշինյանը:
«Մենք ցույց ենք տվել, որ կատակ չենք անում, եկել ենք այս հրապարակ Հայաստանը ազատելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունից և այսօր մեզ սրա համար մի բան է պակասում՝ ՀՀ քաղաքացիների տված լիազորությունը:
Խնդիրը շատ պարզ է՝ ՀՀ ԱԺ-ն պետք է փորձի Սերժ Սարգսյանին ընտրել ՀՀ վարչապետ: Մեր խնդիրը հստակ է՝ հավաքվել այստեղ տասնյակ հազարներով, շարժվել ԱԺ, շրջափակել ԱԺ-ն, որպեսզի որևէ պատգամավոր չկարողանա մուտք գործել այնտեղ, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա մուտք գործել այնտեղ: Մենք դա անելու ենք նույն կերպ, ինչպես այսօրվա Հանրային ռադիոյի ոստիկանի դեպքում, կանգնելու ենք նրանց զենքերի առաջ, ես ինքս ասելու եմ՝ կրակում եք կրակեք, բայց ես անցնելու եմ, չեմ կանգնի ձեր կամայականությունների, ապօրինությունների, լկտիությունների առաջ: Ես գնալու եմ, եթե իմ հետևից ժողովուրդ կա, համեցեք, իմ հետ գնալու»,-ասաց նա: