25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում հայերի պահած գանձերը գտնելու մոլուցքը չի մարում

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik»  (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի դետեկտոր և հեռուստադիտողներին բացատրել դրա օգտագործման եղանակները: Քուլուչը ներկայացրել է նաև ոսկի որոնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Աղմկահարույց թողարկումը քննադատությունների է արժանացել սոցցանցերի թուրքական տիրույթներում: Թողարկումը քննադատող հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հնագետների միությունը: Միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարը «Դետեկտորների կիրառումը պետք է արգելվի» վերնագրով հայտարարության մեջ նշել է, որ դետեկտորների ազատ կիրառումը անօրինական «պեղումների» պատճառ են դառնում՝ խրախուսելով գանձախուզությունը: Աթեշօղուլլարը մտահոգություն է հայտնել, որ գանձախուզության պատճառով Թուրքիայի տարածքում գտնվող պատմական ու մշակութային հուշարձաններն օրեցօր ավելի մեծ տեմպերով են ավերվելու և թալանվելու:

Վերջինս, հիշեցնելով, որ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կողմից դետեկտորների կիրառումը սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, կոչ է արել օրենքով արգելել նման սարքավորումների կիրառումը գանձ որոնելու նպատակով:  

«Անհապաղ պետք է արգելել դետեկտորների՝ գանձ որոնելու նպատակով օգտագործումը: Պետք չէ թույլատրել ամեն պատահածին դետեկտոր վերցնել ու անօրինական հորատումներ անել: Հակառակ դեպքում Անատոլիայի՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները անդառնալիորեն կավերվեն ու կոչնչանան»,- ասված է հայտարարության մեջ:

Քննադատություններին ի պատասխան՝ հայտարարությամբ է հանդես եկել սարքավորումները գովազդած կազմակերպության սեփականատերը՝ հայտարարելով, որ Թուրքիայում արգելված չէ դետեկտորներով գանձ որոնելը: Վերջինս պնդել է, որ Թուրքիայում այժմ գանձախուզությամբ զբաղվող հազարավոր մարդիկ կան:

Նշենք, որ Թուրքիայում մեծ տարածում ունի հայերի թաքցրած ոսկիները փնտրելու մոլուցքը: Երկրում գործունեություն ծավալող բազմաթիվ գանձախույզների գործունեության հետևանքով ավերվել կամ անվերադարձ քանդվել են հազարավոր հայկական պատմական ու մշակութային հուշարձաններ, պղծվել են հայկական գերեզմանոցներ:

 

Աղբյուր`    AGOS
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ