«Ցանկացած շոուն չպիտի ծածկի բովանդակությունը»
«Քո ցանկացած շոուն չպիտի ծածկի բովանդակությունը, իսկ իրենց շոուն ծածկեց բովանդակությունը: Դա անհաջող էր, այսինքն՝ կարևորն ինչ էր իրենց համար, որ ասեին, թե ինչ են ուզում ասել, ասել, որ հանրահավաք է լինելու, իսկ հասցվեց ուղղակի ֆայերների վարելը»,-Henaran.am-ի հետ զրույցումա սաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացուցիչներ Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի ակցիայից:
Ըստ Բադալյանի՝ «Ելքի» խնդիրն այն է, որ իրենք միայն գործում եմ, կոնկրետ նպատակ չունեն: «Հիմա դաշինքից մի ուժը քայլում է մարզերում, բայց նրանք չգիտեն, թե արդյոք ժողովրդին կարող են մոբիլիզացնել, թե ոչ: Երբ որ քաղաքական գործընթաց ես ձեռնարկում, պետք է հաշվի առնես բոլոր գործոնները, որովհետև մեկը կարող է չստացվել: Խնդիրը միայն Ազատության հրապարակում հանրահավաք անելը չէ, իրենք պատրաստվում են նաև ԱԺ շենքը շրջափակել, պիտի տեսնեն՝ ժողովուրդը պատրաստ է դրան, թե ոչ»,-ընդգծեց նա:
Բացի այդ Արմեն Բադալյանը հավելեց, որ ընդդիմադիր ուժերի միավորումը բուժում չէ, հասարակությունը չի գնում այն ընդդիմադիրների հետևից, որը միավորվում է: «Հասարակությունը գնում է ուժ ներկայացնող ընդդիմադիրների հետևից, եթե միավորումը ուժ ներկայացներ՝ դա այլ հարց է: Ես նկատի չունեմ ֆիզիկական ուժը, բայց ուժ չի կարող լինել այն պարզ պատճառով, որ այդ ուժերի հետևում աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կանգնած չէ:
Ինչ վերաբերում է «շարժում» արտահայտությանը, ապա այն մի քիչ ավելի լայն ու խորը հասկացություն է: Ես չեմ ենթադրում, որ դրանք շարժումներ են, նրանք փոքր գործընթացներ են, այդ նախաձեռնություններով սահմանափակ թվով մարդիկ կարող են հետաքրքրվել՝ լրագրողները, փորձագիտական կամ խիստ քաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Եթե այդ շրջանակից դուրս գաք, կտեսնեք, որ նրանց մասին ոչ ոք չգիտի:
Այս գործոններից ոչ մեկը չունես, ու խիստ կասկածելի է, որ կհասնեն հաջողության»: