18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

 ”Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը:

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում:

2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին: Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունը ապրում են ”ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:

Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի: Նրանք դեռ բանակ չէին, և իրենց համեստորեն կոչում էին ”ինքնապաշտպանության ուժեր”՝ ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց ”բանակ” էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին:

Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Իրավական ձևակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին: Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով և հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Հայոց բանակը և՛ պատերազմի դաժան օրերին, և՛ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է և ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետև սահմանին կանգնած է պատրաստված և գիտակից հայ զինվորականը: Եվ կանգնելու է: Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ: Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռևս իրենց ձևավորման պահին ասացին հակառակորդին և բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ