Ո՞ւմ է սատարում Գեղարքունիքի մարզպետը. Հրապարակ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդամենը երկու ամիս է պաշտոնավարում, բայց արդեն հասցրել է ոչ միայն դերի մեջ մտնել, այլև ինտրիգների դաշտ ձևավորել: Առաջին նմուշը Մարտունու տարածաշրջանի Ծակքար գյուղն է, որտեղ սեպտեմբերի 23-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Համայնքապետի թեկնածուները երեքն են` գործող համայնքապետ Գիտուն Ավետիսյանը, Արմեն Ալեքսանյանը և Մարատ Պողոսյանը: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:
Երրորդ թեկնածուն՝ Մարատ Պողոսյանը, որ մարզպետի սրտով է, և որին նա ուզում է տեսնել գյուղապետի պաշտոնում, հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչ ու իրականացնող Նաիրի Հունանյանի մորաքրոջ որդին է: Կրկին “Հրապարակի” վստահելի աղբյուրի փոխանցմամբ` 29-ամյա Պողոսյանը ժամանակին խուսափել է զինվորական պարտադիր ծառայությունից` հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: “Առանց մեկնաբանության ու զեղումների գիրկն ընկնելու, պարզապես հարցնենք` այս երկու “առավելություններն” ունեցող անձն իսկապե՞ս ցանկալի ու սատարման արժանի թեկնածու է, որ համայնքապետ ընտրվի”,- եզրափակում է թերթը: