Մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2013 թվականի մարտական եւ օպերատիվ պատաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները:
Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով հանգամանալից ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, մատնանշելով արձանագրված դրական ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները:
Յուրի Խաչատուրովն իր ելույթում նշեց, որ անցած տարվա ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական եւ զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների բարձրացմանը նպատակաուղված աշխատանքները:
Զեկույցներով ու ելույթներով հանդես եկան նաեւ կոլեգիայի անդամները, ովքեր անդրադարձան ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա պլանի համաձայն իրականացված միջոցառումներին, տարաբնույթ զորավարժություններին ու մեթոդական պարապմունքներին: Կոլեգիայի անդամները փաստեցին նաեւ, որ հավատարիմ մնալով իր կոչմանը, 2013-ին բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը` մեր պետության սահմանների անվտանգության ապահովումը:
Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ թե իր մարտունակությամբ, թե ինժեներական ապահովվածությամբ եւ թե անձնակազմի պատրաստության առումով 2013 թվականին արվել է ամենայն հնարավորը` առաջնային գծում առավել անվտանգ եւ արդյունավետ ծառայություն իրականացնելու համար:
Որպես արդյունք` մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ տարվա ընթացքում հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել: Դրանից զատ` 2013 թվականին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը, ավելին` դրանք ամենից քիչն են եղել ազգային բանակի կազմավորումից ի վեր:
Առաջընթաց է արձանագրվել նաեւ ուսումնանյութական եւ նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ 2013 թվականին շահագործման են հանձնվել նոր զորանոցներ եւ բանակային այլ շինություններ, ծառայողական բնակարաններով ապահովվել են բազմաթիվ զինծառայողներ:
Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2013թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ ՆԱՏՕ-ի հետ իրականացվել են միջոցառումներ ու զորավարժություններ, որոնց ընթացքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ստորաբաժանումները դրսեւորել են մարտավարամասնագիտական պատրաստության եւ փոխգործակցության բարձր մակարդակ: Ի թիվս այլ կարեւորագույն խնդիրների` ընթացիկ տարվա գերակա խնդիրներից մեկն է հանդիսանալու պայքարը փողոցային բարքերի եւ երեւույթների դեմ:
Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողների պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվո դրոշներ հանձնեց ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին